Սիրիահայերին օգնելու հիմնադրամի առաջարկն ընդունվել է ԱԳՆ-ի կողմից
SocietyԱյսօր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հայտարարություն է տարածել, որով իր պատրաստակամությունն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել սիրիահայերին Հայաստան տեղափոխելու հարցում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. ««Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հավատարիմ է Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակին: Միեւնույն ժամանակ, մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը եւ աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` որտեղ հնարավոր է:
Հետեւելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների եւ անհատների հետ: Պետք է գործել հենց հիմա:
Ցավում ենք եւ մտահոգված ենք ռազմական գոտում գտնվող մարդկանց համար: Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց:
Այս հարցում մեզ միացել են մի քանի մասնավոր հիմնադրամներ եւ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստան ժամանողները կստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցություն, որպեսզի կարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում:
Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը»:
Պարզելու համար, թե ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է արդյոք այդ նախաձեռնությունից և ինչ քայլեր է ձեռնարկել հիմնադրամի նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում, ORER.am-ը կապ հաստատեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ, սակայն նա տեղեկացրեց, որ թեև գիտի հիմնադրամի նախաձեռնության մասին, սակայն այս պահին չի կարող ասել, թե նախարարությունում ինչ քայլեր են ձեռնարկում:
«Ձեր հարցը ուղարկեք գրավոր, որպեսզի կարողանանք ամբողջական պատասխանել, քանի որ այս պահին դժվար է իմանալ, թե որ բաժինն ինչ է նախաձեռնել և իրականացնում»,- ասաց Տ.Բալայանը:
Ա.Գ.