«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը երափակվեց մեծ երաժշտագետի ծննդյան օրը
CultureՀայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան) մասնակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի եզրափակիչ համերգը: Հնչեցին Կոմիտասի, Մ.Եկմալյանի, Բ.Կանաչյանի, Ալ.Հարությունյանի, Տ.Չուխաջյանի, Ջ.Վերդիի, Ջ.Գերշվինի, Գ.Ֆորեի ստեղծագործությունները:
«Որպես ավանդույթ «Կոմիտասի» փառատոնը սկսում ենք նրա ծննդյան օրը հին տոմարով և ավարտում այդ նույն օրը նոր տոմարով: Չեքիջյանի երգչախումբը երկար տարիներ ներկայացրել է Կոմիտասին և հայ երաժշտարվեստը ողջ աշխարհում, ուստի պատշաճ է փառատոնը եզրափակել նրանց համերգով»,- ընդգծեց «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Մհեր Նավոյանը:
Հանդիսատեսը քարացած էր ունկնդրում յուրաքանչյուր կատարում: «Բրավոները» խլացնում էին դահլիճը:
«Այս միջոցառումը աշնանային երաժշտական կյանքը հարստացրեց և այն ավելի գունեղ դարձրեց: Համերգային դահլիճները լեփ-լեցուն էին: Նպատակը Կոմիտասին ավելի ճանաչելի դարձնելն էր: Կարծում եմ` փառատոնն իր առաքելությունը կատարեց: Մեծ բավականություն ստացա համերգից»,- իր տպավորություններով կիսվեց արվեստագիտության դոկտոր, արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արևշատյանը:
Գիտաժողով-փառատոնի մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Գիտաժողովին տարբեր երկրիներից Հայաստան ժամանած կոմիտասագետներ, երաժիշտներ անդրադարձան Կոմիտասի գործունեությանը, ժամանակաշրջանին, ստեղծագործություններին: Միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես եկան անվանի երաժիշտ-մասնագետներ ԱՄՆ-ից, Կիպրոսից, Գերմանիայից և Ռուսաստանից: