Ռուբլու տատանումները ուղղակի ազդեցություն չեն ունենա Հայաստանում. Ռուբեն Վարդանյան
Ռուսաստանի ֆինանսական կառույցների դեմ կիրառված պատժամիջոցները և ռուբլու փոխարժեքի տատանումները չեն կարող ուղղակիորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց ռուսաստանաբնակ գործարար, IDeA բարեգործական հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով' Հայաստանը չունի ուղիղ կախվածություն ռուսաստանյան ֆինանսական համակարգից, ինչն էլ նրան պաշտպանում է ուղղակի ազդեցություններից: «Հայաստանը ֆինանսավորում է ստանում ոչ միայն ռուսական, այլև միջազգային տարբեր ֆինանսական կառույցներից: Այս առումով՝ Հայաստանն ունի հնարավորություն ներկա իրավիճակում պահպանելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույն մակարդակում և ճիշտ դրամավարկային քաղաքականության շնորհիվ խուսափել այդ ազդեցություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Վարդանյանը:
Ռուսաստանաբնակ գործարարը խոսեց նաև Հայաստանի բանկային համակարգի մասին' նշելով, որ համակարգում անխուսափելի է կոնսոլիդացիան: «21 բանկի գոյությունը Հայաստանում մեծ թիվ է: Որպեսզի բանկերը կարողանան օբյեկտիվորեն կազմակերպել իրենց աշխատանքը և համապատասխանեն միջազգային չափանիշներին, պետք է խոշորանան: Հայաստանի բանկերի համար միաձուլումը անխուսափելի է: Դա անհրաժեշտ է նաև նոր ներդրողների ներգրավման համար»,- ասաց նա: