Առողջապահության ոլորտի բյուջեի միայն 3.5%-ն է ուղղվում հոգեկան առողջության խնդիրներին
SocietyՀայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ չկա մի մարդ, ով կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չի բախվել դեպրեսիոն իրավիճակի:
Նրա խոսքով՝ ըստ կանխատեսումների՝ 2020-2030 թվականներին դեպրեսիան եթե ոչ առաջին, ապա երկրորդ տեղում կլինի մահացության պատճառ հանդիսացող հիվանդությունների շարքում:
«Մարդիկ բռնել են վիրտուալ աշխարհի ճանապարհը, որտեղ մենակությունն ավելի է ընդգծվում, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ իրավիճակների»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Հոգեբանը կարծում է, որ հոգեկան առողջության համաշխարհային օրվա այս տարվա «Հոգեբանական առաջին օգնություն» կարգախոսն ավելի քան երբեւէ տալիս է ոլորտի իրական բնութագիրը:
«Այսօր աշխարհը հասել է մի տեղ, երբ բժշկագիտության բոլոր ճյուղերը բավականին առաջընթաց են գրանցել, իսկ հոգեբուժությունը դեռեւս մնացել է 100 տարի առաջվա մակարդակի: Այսօր ինչ-որ չափով օգտագործվում են այն մեթոդները, որոնք օգտագործվել են նախկինում: Հայաստանում առողջապահության բյուջեի միայն 3.5 տոկոսն է ծախսվում հոգեկան առողջության վրա, իսկ զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասնում է 5-7 տոկոսի»,-ընդգծեց մասնագետը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ավելի շատ գումարներ ծախսվում են հիվանդանոցային ծառայությունների վրա, քան հիվանդության կանխարգելման:
«Գալու է ժամանակ, երբ ավելի շատ գումարներ անհրաժեշտ կլինի ուղղել կանխարգելմանը, հատկապես երբ 21-րդ դարը հնարավորություն է տալիս, օրինակ, բուժումը կազմակերպել առանց պարտադիր կերպով հաստատության մեջ փակելու, կան շատ այլ միջոցներ»,- ասաց Խաչատուր Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ աշխատում են «Հոգեբուժության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու ուղղությամբ:
Խաչատուր Գասպարյանը նշեց, որ կան որոշակի չափանիշներ, ըստ որոնց՝ կարելի է տալ հոգեպես առողջ մարդու բնութագիրը:
«Հոգեպես առողջ մարդը կարողանում է համապատասխան վերաբերմունք ունենալ հիասթափության, հուսահատության, կյանքում առաջացող անցանկալի դժվարությունների նկատմամբ: Եթե կա նմանատիպ դժվար իրավիճակ, չպետք է ընկճվել, որպեսզի ամբողջ կյանքը չտուժի դրանից: Հոգեպես առողջ մարդը գիտակցում է իր զգացմունքներն ու մտքերը, հանգիստ վերաբերմունք է ցուցաբերում քննադատության նկատմամբ, չի վախենում նոր խնդիրներից եւ կարողանում է դիմագրավել դրանց, լուծումներ փնտրել, ինչպես նաեւ իր առջեւ դնում է իրական նպատակներ»,-եզրափակեց մասնագետը: