Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենացածր պարտքային բեռ ունեցող երկրներից մեկը
EconomicsՀայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենացածր պարտքային բեռ ունեցող երկրներից մեկը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
«Պարտքի դինամիկան այսօր էապես չի տարբերվում մինչճգնաժամային դինամիկայից: Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մնացել է կառավարելի շրջանակներում», -պարզաբանեց Մարգարյանը:
Նա ավելի մտահոգիչ համարեց պետական բյուջեի ծախսերի վրա պարտքի սպասարկման ճնշման փաստը՝ նշելով, որ եթե պետական բյուջեի ծախսերի մեջ մենք 2-2.5 տոկոսն էինք ուղղում պարտքի տոկոսավճարներին, հիմա այդ տոկոսն աճել ու հասել է մինչեւ 8.7-ի:
«Պետական պարտքի աճի տեմպում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Պարտքն աճում է այնքան, ինչքան մեր երկրի կուտակային դեֆիցիտներն են»,- ասաց կառավարիչը՝ հավելելով, որ պարտքի ծավալների աճի մեծ մասը տեղի է ունենում ներքին աղբյուրների հաշվին:
Մարգարյանը նշեց, որ 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ պետական պարտքը կազմել է 5.6 միլիարդ ԱՄՆ դոլար, Կառավարության պարտքը` 5.1 միլարդ ամն դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը` 5 միլիարդ դոլար:
Պարտքի ռիսկի գնահատման առումով բանախոսը կարեւոր համարեց տոսկոսադրույքը՝ նշելով, որ ՀՀ պետական պարտքում այժմ լողացող տոկոսադրույքով պարտքը մոտավորապես 17.5-18 տոկոս է կազմում ամբողջ արտաքին պարտքի մեջ եւ այն խիստ կառավարելի է:
«Դրանք հիմնականում խոշոր դոնորներից ստացված վարկերն են, որոնց վարկային պայմանագրերում հստակ ձեւակերպված է, որ երկիրը, որը հանդիսանում է վարկառու, կարող է ընթացքում ֆիքսել տոկոսադրույքը: Լողացող դինամիկայի ոչ բարենպաստ միտման դեպքում մենք կարող ենք դիմել եւ այդ պահից ֆիքսել տոկոսադրույքը»,-հավելեց նա:
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն օրինաչափ համարեց այն փաստը, որ ներկա փուլում մակրոտնտեսական իրավիճակը, արտաքին պարտքի մեծությունը, դրա սպասարկման հնարավորություններն այնպիսին են, որ հանրության ուշադրության կենտրոնը պետք է տեղաշարժվի դեպի ներքին պարտքը, նրա օպտիմալ կառավարումը:
Նա տնտեսության աքիլեսյան գարշապար համարեց կոռուպցիան: «Եթե այժմյան կառավարությունը իր առաջիկա ծրագրում չներառեց այդ խնդրի գոնե մինիմալացումը, մենք հինգ տարի հետո նորից խոսելու ենք ֆիսկալ բյուջետային կայունացման մասին»,- հավելեց ՀՊՏՀ դեկանը: