Հայաստանի մեծահասակ բնակչությունն ունի խոցելի ակնային առողջություն
SocietyՀայաստանում հոկտեմբերի 13-ին նշում են տեսողության համաշխարհային օրը: Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները: Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տվյալներ ներկայացրեց Հայկական ակնաբուժության նախագծի հանրային կապերի տնօրեն Թամար Մինասյանը: Նրա խոսքով` աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպատիայինը՝ 4.4%: Աշխարհում բնակչության 4% -ն ունի տե սողության խաթարում:
Հայկական ակնաբուժական նախագիծը տեսողության համաշխարհային օրվա հետ կապված մի շարք ծրագրեր կիրականացնի, որոնք կուղղվեն ակնաբուժական տարատեսակ հիվանդությունների կանխարգելմանը: «Այս տարի ուշադրությունը հիմնականում դարձվելու է դպրոցահասակների վրա: Այսօր տեսողության վերաբերյալ բաց դասեր, մրցույթներ կանցկացվեն Հանրապետության բոլոր հանրակրթական եւ թիրախավորված դպրոցներում»,-ասաց Թամար Մինասյանը:
Ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Տեսողության համաշխարհային օրվան:
Օրվա խորհուրդն է բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող անձանց հիմնախնդիրները` հանրության ուշադրությունը սևեռելով կուրության, տեսողության խանգարման և թույլ տեսողության վերականգնման հարցերին:
Տարբեր ասոցիացիաներ և հասարակական կազմակերպություններ, համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կուրության կանխարգելման միջազգային գործակալության հետ, աջակցում են կուրության և տեսողության խանգարումների` որպես միջազգային հանրային առողջապահական խնդրի, հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում բնակչությունը ծերանում է, և տեսողության քրոնիկական խանգարումները բերում են կուրության տարածվածության բարձրացմանը: Սակայն կուրության հանգեցնող տարիքային բազմաթիվ փոփոխություններ կարող են վերացվեն: Ժամանակին միջամտությունը հաճախ կարող է հետաձգել կամ նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը տեսողության վրա: