Ռուզաննա Մուրադյանն առաջարկում է դպրոցներում հիմնել մշակութային կենտրոններ
SocietyՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը կարեւորում է միջմշակութային հաղորդակցության ամրապնդումը, որին պատգամավորն անդրադարձավ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի նախաձեռնությամբ կրթության վերաբերյալ կազմակերպված քննարկումների շրջանակում:
«Գլոբալացող աշխարհում շատ կարեւոր է տեղ հատկացնել միջմշակութային հաղորդակցությանը, որը նպաստում է տարբեր ազգերի միջեւ խաղաղության հաստատմանը, կարողանալուն ստեղծել մեկ ընդհանուր արժեքային համակարգ, որն ուղղված պետք է լինի մարդակենտրոն մոտեցմանը»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ մշակույթների ճանաչման հարցում լեզվի իմացությունը շատ հաճախ առաջնային չէ:
«Մենք պիտի սկսենք դպրոցներում հիմնել մշակութային կենտրոններ, այսինքն՝ այնպիսի ծրագրեր, որոնց միջոցով երեխաների ուշադրությունը կուղղվի դեպի տվյալ երկրի մշակույթը, օրինակ՝ տարբեր հետազոտություններով, փոխայցելություններով»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը՝ հավելելով, որ միությունը հաջողված համագործակցության փորձ ունի Չինաստանի դեսպանատան հետ:
Քննարկումների շրջանակում ներկայացվեցին կրթության ոլորտում տարբեր ուղղություններով հայ-իտալական համագործակցության վերաբերյալ զեկույցներ:
Կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում հուշագիր է ստորագրվելու Հայաստանի եւ Իտալիայի ԿԳ նախարարությունների միջեւ, ինչպես նաեւ համագործակցության մեկնարկ է տրվելու Երեւանի պետական ճարտարապետաշինական համալսարանի եւ Ֆլորենցիայի համալսարանների միջեւ: