Յուրա Մովսիսյան. «Ռեալ Սոլթ Լեյքում» մնալու որոշումը կապ չունի փողի հետ
SportՅուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ դառնալուց հետո նամակ է գրել ամերիկյան ակումբի երկրպագուներին:«Ռեալ Սոլթ Լեյքն» օրեր առաջՄոսկվայի «Սպարտակից» գնել էր 29-ամյա հարձակվողիտրանսֆերային իրավունքը:
«Վերջապես: Ես ու ընտանիքս այնտեղ ենք, որտեղ երազում էինք լինել: «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ պայմանագիր կնքելը երազանք էր, եւ հիմա կախվածություն չեմ ունենա «Սպարտակից» ու կկարողանամ ուրախացնել մեր թիմի երկրպագուներին: Հիանալի զգացողություն է, երբ գիտեմ՝ որտեղ եմ ցանկանում լինել: Յուտա վերադառնալուց հետո ձեր ջերմ վերաբերմունքը տեսնելուց ավելի լավ բան չի կարող լինել: Ուրախ եմ դարձյալ զգալ այդ ամենը:
«Ռեալ Սոլթ Լեյքում» մնալու որոշումս կապ չունի փողի հետ: Նման որոշում կայացրի երկրպագուների եւ ակումբի՝ իմ հանդեպ վերաբերմունքի համար: Երկրպագուներն ինձ խաղադաշտում կտեսնեն 150 տոկոս նվիրվածությամբ:
Երբ խոսվում է մեր՝ 2009-ի չեմպիոնությունից, մարմնովս սարսուռ է անցնում: Կանեմ ամեն բան, որպեսզի դարձյալ ունենամ այդ չեմպիոնական զգացողությունները: Հիմա, երբ ես տանն եմ, եկեք անենք դա»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» Յուրա Մովսիսյանին վարձավճարով «Ռեալ Սոլթ Լեյքին» էր տրամադրել հունվարի 15-ին: Կողմերի միջեւ պայմանագիրն ավարտվում էր 2016 թվականի դեկտեմբերի 1-ին: Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» առաջին անգամ խաղացել է 2007-ին, հետո կարիերան շարունակել դանիական «Ռանդերսում» եւ ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»: