Նոբելյան թնջուկ
AnalysisՆոբելյան մրցանակն այս տարի գրականության ոլորտում Նոբելյան ակադեմիան շնորհել է Բոբ Դիլանին, որն ավելի շատ հայտնի է որպես երգիչ-երգահան և միլիոնավոր մարդկանց կուռքը։ Թե ինչ սկզբունքով է շնորհվում Նոբելյան մրցանակը, չեմ կարող ասել, քանի որ դրա մասնագետը չեմ, ավելին չեմ կարծում, թե Հայաստանում նման մասնագետները մեծ թիվ են կազմում, եթե ընդհանրապես կան։ Առավել հետաքրքիր է հայաստանյան հասարակության որոշ շրջանակների զարմանքը, թե ինչպես կարելի է գրականության մրցանակը տալ երաժշտին։
Բնականաբար, ցանկացած գլոբալ հարցում մեր հասարկությունը հանդես է գալիս որպես խորը գիտակ, և Դիլանին չէինք կարող շրջանցել։ Իմ շատ սուբյեկտիվ կարծիքով՝ Բոբ Դիլանի ու գրականության մրցանակի մասին կարծիք ու զարմանք հայտնողների մեծ մասը ոչ միայն Դիլանի տեքստերին, այլև նոբելյան մրցանակակիրներից շատ քչերին է ծանոթ, եթե ընդհանրապես ֆեյսբուքյան ստատուսներ կարդալուց զատ ինչ-որ այլ բան ընթերցել են։
Գումարած սրան, Նոբելյան մրցանակները, որքան տեղյակ եմ, շնորհվում են այս կամ այն բնագավառում նորամուծության, նոր հորիզոնների բացահայտման, արմատական մոտեցումների համար։ Բնական կամ ճշտգրիտ գիտությունների պարագայում կարծես թե ամեն ինչ պարզ է, և դժվար թե մենք հանդիպենք քննադատության այս կամ այն կենսաբանին, բժշկին կամ ֆիզիկոսին մրցանակ շնորհելու կապակցությամբ։ Ըստ իս՝ գիտության ու տեխնիկայի ժամանակակից զարգացման պայմաններում ևս այս ոլորտներում, ամենայն հավանականությամբ, Նոբելյան հանձնաժողովը մեծ դժվարությամբ պետք է ընտրություն կատարի։
Ուրեմն, հորդորենք մեր սոցցանցային ստատուսագիրներին վերադառնալ իրենց առավել առնչվող Արմենչիկ-Թաթուլ-Հայկո թեմաներին և դրանց շուրջ ինքնադրսևորվել։ Ցանկալի է, որ վերջիններս դա անեն Դիլանի երգերն ունկնդրելով, իսկ Նոբելյան ակադեմիային հանգիստ թողնեն, քանի որ վերջինս իր գործն այնքան էլ վատ չի կատարում։
Հ․Գ. Ասվածը, բնականաբար, չի վերաբերում գրականության ու գրաքննադատության ու թարգմանության այն հատուկենտ գիտակներին, ովքեր ունեն իրենց զուտ մասնագիական վերաբերմունքն ու կարծիքը։
Pressmedia.am վերլուծաբան