Գյումրիում ավտովթարը վերածվել է խուլիգանության. հայտնաբերվել են գազային ատրճանակի փամփուշտներ
SocietyԳյումրի քաղաքում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների միջեւ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քննչակա ն կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք:
Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ 50-ամյակի կամուրջը, որի վրա տեղի է ունեցել բախումը, տևական ժամանակ փակ է եղել: Ներկայում էվակուատորով փորձում են տեղափոխել բախված ավտոմեքենաները: