Վաճառվում են նախագահի նստավայրի, Ազգային ժողովի ու կառավարության շենքերը
AnalysisԵթե մի օր էլ նման որոշում կայացնեն հայրենի իշխանությունները, ամենևին էլ պետք չէ զարմանալ, չէ՞ որ դրանք դուբայական ոճի անճոռնի շենքեր չեն, որ իշխանությունների համար ավելի հարմարավետ լինեն: Նրանք այնքան են դուբայներում շրջել ու այնտեղի ոճից բացի այլ բան չեն տեսել, որ մայրաքաղաքի կենտրոնում անկանոն ցցված այդ ակվարիումանման շենքերին են սովորել: Հավանաբար, այն օգնում է տեղի իշխանություններին ավելի թափանցիկ աշխատել, իսկ խորհրդային տարիներից մնացած շինությունները նրանց «հագով չեն», քանի որ այնտեղ իրենց մի տեսակ հարմարավետ չեն զգում:
Անհարմարավետությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նաև նրանով, որ իշխանությունների դրայվը կորում է, երբ իրենց զբաղեցրած տարածքների համար պետբյուջեից վարձակալության գումարներ չեն վճարում նորակառույց շենքերի այս կամ այն սեփականատիրոջը: Ու նաև մի տեսակ չեն կարողանում նորմալ աշխատել ու ստեղծագործել, եթե գերատեսչությունների շենքերը «մոդեռնիզմի» ոճով կառուցված չեն:
Իսկ եթե անկեղծ, ստացվում է, որ օտարներն ավելի են սիրում, գնահատում ու ցանկանում դեռևս պահպանված շինությունների տերը դառնալ, քանի որ դրանք իրոք լավն են: Պատկերացրեք, որ մեր հին շինությունների համար օտարը պատրաստ է կլորիկ գումար վճարել՝ իր սեփական տարածքը մայրաքաղաքի սրտում ունենալու համար, իսկ մենք սիրահոժար ասում ենք. «Այո՛, համեցե՛ք, վերցրե՛ք, բայց ձեր ցանկությունն իր գինն ունի: Վճարե՛ք և տարե՛ք, քանի որ այն մեզ այլևս պետք չէ»:
Իսկ ինչո՞ւ են իշխանություններն այդքան շահագրգիռ՝ օր առաջ ազատվելու պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություններից: Պարզ է, չէ՞, թե ինչու, քանի որ նրանք սովորել են կենվորի հոգեբանությամբ ապրել սեփական երկրում, բայց մոռանում են, որ «իրենցից հետո՝ ջրհեղեղ» մոտեցմամբ եղածը քամուն տալով երկիր չեն կառուցում: Ինչ վերաբերում է նախարարությունների համար վարձակալած ու ամսական ու տարեկան կտրվածքով վճարվող վարձավճարներին, ապա դրանք այնքան մեծ ու կլորիկ գումարներ են , որ դրանցով կարելի էր մի ողջ քաղաք կառուցել: Ու եթե վարձով «բնակարանը» լավ է, ապա ինչու մեր իշխանավորները չեն վաճառում իրենց սեփական տները, այգիները օտարներին ու իրենց ընտանիքներով վարձով տներում բնակվում։
Չէ՞ որ արտագաղթողն անգամ այլ երկրում չի ուզում վարձակալության գումար վճարել, փոխարենը ամեն ինչ անում է, որ թեկուզ 30 տարի հետո իր տունն իրենը լինի: Իսկ մեր իշխանությունները, ինչպես շատ այլ հարցերում սովորական տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող ճանապարհներով են երկիրը «կառուցում», հետո էլ անվերջ լացում են, թե փող չկա: Ախր, որտեղի՞ց լինի, երբ իշխանությունները զբաղված են ոչ թե երկիրը կառավարելով, այլ եղած-չեղածը ծախելով ու ուտելով:
Արմիենե Գրիգորյան