Հուսով եմ՝ վարչապետը կձերբազատվի նաեւ մարզպետների կուսակցական պատկանելության խնդրից. քաղաքագետ
InterviewՄեկ ամսից քիչ ավելի է, ինչ որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարում է Կարեն Կարապետյանը։Կառավարման կլասիկ ձեւաչափը դրայվով փոխարինած վարչապետի գործելաոճն ու պահվածքը դեռ խոստումնալից է։
Վերջինիս կողմից մինչ օրս իրականացված կոսմետիկ, գուցե նաեւ արմատական փոփոխությունների վերաբերյալ ORER.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, որը մինչ ներկայիս վարչապետին անդրադառնալը, խոսեց նախկիններից. «Մեր երկրի վերջին վարչապետների կառավարումն ուղղակի սարսափելի էր Հայաստանի Հանրապետության համար, Տիգրան Սարգսյանի շնոորհիվ մեր երկրի արտաքին պարտքը աճեց եռակի, նույնիսկ քառակի՝ 1,5 միլիարդից մոտենում ենք 5 միլիարդ դոլարի։
Շնորհիվ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ-ն տնտեսական անկման ցուցանիշով աշխարհում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Այս ամենի պատճառով է, որ այսօր ՀՀ-ն տարածաշրջանի ամենահետամնաց երկիրն է։ Ես դա ցավով եմ նշում, բայց փաստը մնում է փաստ։ Մենք հետ ենք մնում ե՛ւ Ադրբեջանից, ե՛ւ Վրաստանից, սա, բնականաբար, ոչ մի լավ հետեւանքներ չի ունենալու մեր երկրի համար»,- ասաց քաղաքագետը:
«Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա պետք է նշեմ, որ մեկ ամիսը շատ քիչ ժամանակ է կուտակված աղբը մաքրելու համար։ Ես ողջունում եմ նրա այն քայլը, որ ինքը ձեւավորում է տեխնոկրատների կառավարություն, նա կառավարության մեջ է ներգրավել պրոֆեսիոնալ մենեջերների, որոնք հեռու են քաղաքականությունից։ Լավ է, որ բավական լավ տնտեսագետ ու լավ մենեջեր լինելով՝ նա ապաքաղաքականացնում է կառավարության այն բլոկը, որը կապված է հենց տնտեսության, էներգետիկայի, պետական եկամուտների հետ։ Այս փոփոխությունները շատ կարեւոր են, դրանցից է կապված մեր տնտեսության ապագան ու երկրի սոցիալական վիճակը»,- ասաց նա:
Քաղաքագետը նաեւ անդրադարձավ ՀՀ նախագահի վերջին հայտարարությանը, որում հստակ ասվում էր, որ տեղի ունեցող ու դեռ սպասվելիք փոփոխությունները չպետք է խռովությունների պատճառ հանդիսանան որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ:
«Ես հուսով եմ, որ նոր վարչապետը կձերբազատվի նաեւ մարզպետների կուսակցական պատկանելության խնդրից, քանի որ նրանց հարցը շատ լուրջ է, վերջիններս տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցող են ու պետք է ապաքաղաքական լինեն ու ավելի շատ մտածեն մարզերում սոցիալ տնտեսական վիճակի բարելավման, այլ ոչ թե նրա, թե որ կուսակցությունից են ու ընտրությունների ժամանակ ինչ օգուտ կարող են տալ իրենց կուսակցությանը։ Մեզ պետք են պրոֆեսիոնալ մարզպետներ, տնտեսագետներ»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։
Սոսե Չանդոյան