Ստեփանակերտի ՏՏ կենտրոնում արդեն տեղական սթարթափ ընկերություն է հայտնվել
SocietyNEWS.am-ը գրում է.
Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում արդեն հայտնվել է տեղական սթարթափ ընկերություն։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Արցախի ՏՏ կենտրոնի (AITC) ծրագրերի ղեկավար Վարդան Ասցատրյանը։
Կենտրոնի ֆինանսական հնարավորությունները դեռ սահմանափակ են, հաշվի առնելով հանրապետության առաջ ծառացած ընդհանուր խնդիրները, հավելել է նա։ Դրա համար էլ լավ մասնագետների ներգրավելը բարդ է։ Բայց կենտրոնն այնուամենայնիվ փորձում է պահպանել ուսումնական ծրագրեր՝ դպրոցականների համար այստեղ գործում է ռոբոտատեխնիկայի խմբակ, իսկ ուսանողների համար՝ գործնական դասընթացներ։ Վերապատրաստում անցած մի քանի նախկին ուսանողներ արդեն կենտրոնում բացել են նոր ընկերություն, հավելել է նա։
«Այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել Synergy ընկերության հայկական մասնաճյուղին։ Նրանց ղեկավարները շատ են օգնում կենտրոնի կայացմանը, այդ թվում այն նույն մասնագետների ներգրավելուն, որոնց կարիքը մենք այդքան շատ ունենք»,- նշել է Ասցատրյանը։
Կենտրոնում գործող ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակ ավելի քան 30 երեխա է հաճախում։ Դետալների հարցում սկսնակ կոնստրուկտորներին օգնել է Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միությունը (UITE), որը օգնել է նաեւ նման խմբակ բացել Ծմակահող գյուղում, ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի՝ ԽՍՀՄ էլեկտրամեխանիկայի ականավոր գործչի ծննդավայրում։
Որոշելով, որ թատրոնը կախիչից է սկսվում, կենտրոնի մուտքի մոտ տեղադրել են ռոբոտի մետաղական արձան, որը տեղի վարպետն է հավաքել ավտոպահեստամասերից։ Ռոբոտը ամենեւին էլ սարսափելի չէ, նրա ձեռքին ծաղիկներով լի սայլակ է։ «Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ տեխնիկան ծառայելու է մարդկանց ու նրանց համար չպետք է վտանգավոր լինի։ Հակառակը, այն պետք է բարելավի մեզնից յուրաքանչյուրի կյանքը»,- նկատեց Ասցատրյանը։
«Հույս ունենք, որ այս բոլոր ծրագրերը կզարգանան։ Այդ թվում Եվրասիական միության շրջանակում։ Ռուսաստանից մեր գործընկերների հետ ես հանդիպել եմ ու խոսել Երեւանում վերջերս անցած Հայ- ռուսական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ։ Որոշակի ծրագրերի իրականացմանն անցնելու նրանց պատրաստակամությունը ինձ ոգեւորում է։ Մենք նույնպես նույն պատրաստակամությունն ունենք»,- հավելել է նա։