ՋՏՊԿ նախագահը մշակվող հողատարածքների ավելացումն առաջնային խնդիր է համարում
EconomicsԵվրոպական ներդրումային բանկը Հայաստանում այս պահին ներկայացված է երեք տարբեր առաքելություններով, ևս մեկը քննարկման փուլում է: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացած հանդիպման ընթացքում ասաց ԵՆԲ վարկային գծով մասնագետ Վիոլեյն Սիլվեստրոն:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանին ներկայացնելով Բանկի գործունեությունը՝ ԵՆԲ ներկայացուցիչները հատկապես շեշտեցին հետաքրքրվածությունը Հայաստանի ոռոգման համակարգով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
ԵՆԲ ոռոգման ոլորտի ավագ մասնագետ Դանիել Թիմենը ներկայացրեց ֆերմերային տնտեսությունների զարգացմանն ուղղված ծրագրերից մեկը, որն այս պահին քննարկվում է ՀՀ կառավարության հետ: Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ այս ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ մինչ օրս հիմնական ներդրումներն ուղղվել են ջրամբարաշինությանը և ոռոգման առաջնային համակարգերին, մինչդեռ այս ծրագրի թիրախում հենց ֆերմերային տնտեսություններն են.
«Այս ծրագիրը ԵՆԲ-ի և ՀՀ կառավարության համար հավասարապես կարևոր է, քանի որ մեր մոտեցումներն այստեղ համընկնում են: Ֆերմերային տնտեսությունների աջակցության այս ծրագիրը յուրահատուկ է իր գաղափարախոսությամբ. մեր նպատակը պետության կողմից գյուղացիական համայնքներին հատկացվող սուբսիդիաների նվազեցումն է՝ ֆերմերային տնտեսությունների ֆինանսական կայունությունը, նրանց մրցունակությունը խթանելու միջոցով: Այսինքն՝ մենք ծրագրում ենք, որ այս նախագծի իրականացման արդյունքում ֆերմերները կկարողանան 7-10 տարի անց կառավարությանը վերադարձնել ներդրված ֆինանսական միջոցները՝ միաժամանակ ունենալով ոռոգման կայուն համակարգ և զարգացած տնտեսություն»,- նշեց ԵՆԲ պաշտոնյան և ավելացրեց, որ այս փուլում Բանկի և անկախ խորհրդատուների կողմից մշակվում են ներդրված միջոցների վերադարձելիությունն ապահովող մեխանիզմներ:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ողջունեց Բանկի նախաձեռնությունը և նշեց, որ Կոմիտեն պատրաստ է աջակցել ծրագրին.
«Ես կարծում եմ, որ մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն մեկ բանի՝ ավելացնել մշակվող հողատարածքների մակերեսը՝ ֆերմերային տնտեսություններին զարգանալու և շուկայում մրցունակ դառնալու հնարավորություն ընձեռելով»,- ասաց Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ աշխատելու և տնտեսություն հիմնելու, զարգացնելու պատրաստ ֆերմերներին աջակցելու համար Կոմիտեն պատրաստ է շատ կոնկրետ լուծումներ մշակել:
Նշենք, որ Եվրոպական ներդրումային բանկն իրականացնում է նաև «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը», որում Բանկի ֆինանսական ներկայացվածությունը կազմում է 30 մլն եվրո: