Վենետիկի հանձնաժողովը՝ Ընտրական նոր օրենսգրքի մասին
SocietyՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Վենետիկում կայացած «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստի ժամանակ, ներկայացնելով Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած զարգացումները, անդրադարձել է ընտրացուցակների հրապարակման և տեխնիկական սարքերի կիրառման մասին որոշումներին:
Նախարարն իր ելույթում Վենետիկի հանձաժողովին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է, թե ինչու գումարների առկայության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը:
ORER.am-ի հետ զրույցում Ա.Հովհաննիսյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է նաև այն համաձայնագիրը, որը ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ստորագրվել էր:
«Այս կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը համապատասխան լրացում է արել իր արդեն հրապարակված կարծիքում: Բացի այդ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է արել, համաձայն որի՝ նշել է թե ինչու Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններով նախատեսված պայմանները հնարավոր չի եղել ապահովել:
Եվ չնայած կառավարությունը կարողացել էր գտնել համապատասխան գումարը, սակայն որևէ կազմակերպություն ի վիճակի չի եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ապահովել, այդ իսկ պատճառով էլ Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխությունները չեղարկվել են»,- ասաց նախարարը:
Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացվել են նաև այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ներգրավվել են քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ հետագա բանակցություններում, որի արդյունքում սեպտեմբերի 13-ին նոր քաղաքական համաձայնություն է կնքվել լայն կոնսենսուսով:
«Դա արտացոլում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու բաց և թափանցիկ երկխոսության մեջ, որի նպատակն ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացումն է»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
ՀՀ արդարադատության նախարարը, խոսելով Վենետիկի հանձնաժողովի
ընտրացուցակների հրապարակմանը կողմ կամ դեմ լինելու մասին, նշեց, որ այդ հարցի վերաբերյալ նախկինում ներկայացվել է բոլորին հայտնի իրենց կարծիքը, որն արտահայում է նաև հանձնաժողովի գնահատականը ընտրական գործընթացի նկատմամբ հանրային լայն վստահություն ձևավորելու ուղղությամբ հայաստանյան իշխանությունների ներդրած ջանքերը:
Ա.Գ.