Տրաֆարետային հայրենասիրության մի դրվագ
AnalysisՀայաստանյան լրատվական դաշտը վերածվել է այնպիսի ոլորտի, որից բառացիորեն կարելի է սպասել ցանկացած աբսուրդ։ Պատճառներից մեկը, իհարկե, տասնյակներով անհայտ ու հայտնի ծագման չակերտավոր լրատվական կայքերն են։ Սակայն, այս ամենից զատ, հայաստանյան մեդիադաշտում ընդահանրապես պրոֆեսիոնալիզմի ու սկզբունքայնության սուր է պակաս է զգացվում, ինչի արդյունքում տպավորություն է առաջանում, որ լրատվամիջոցների մեծ մասը ստեղծվել ու ստեղծվում է այս կամ այն անհատին, գործչին կամ պաշտոնյային սևացնելու կամ քարկոծելու համար։
Հենց նման օրինակ էին վերջերս Առողջապահության նորանշանակ նախարարի դեմ որոշ լրատվամիջոցների հարձակումները։ Ամենավերջին լուրը լրատվամիջոցներից մեկի կողմից տարածած այն տեղեկությունն է, թե նախարարը հատուկ հանձնարարականով պարտադիր է համարում ոլորտի աշխատակիցների կողմից ռուսերենի իմացությունը։ Թե իրականում ինչ հանձնարարական կա և ինչի մասին է այն, պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա, սակայն ակնհայտ է, որ նման պայման որևէ նախարար չի կարող դնել, պարզապես չի կարող և վերջ։ Այլ հարց է, որ առողջապահության ոլորտում ներգրավվածների օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի իմացությունը կկարևորվի։
Եթե մենք մի պահ մոռանանք պաթոսային ու տրաֆարետային հայրենասիրության մասին, ապա պարզից էլ պարզ կդառնա, որ հենց այս ոլորտում է, որ կարող է անհրաժեշտ պայման լինել հենց օտար լեզուների իմացությունը։ Տրամաբանական հարց կարող է առաջանալ, թե ինչու, սակայն պատասխանը շատ պարզ է։ Ներկայումս բժշկական գրականության, ընդ որում, ոչ թե դասագրքային, այլ զուտ նեղ մասնագիտական գրականության հսկայական մասը հրատարակվում է ռուսերեն և անգլերեն։ Ի դեպ, ռուսերենի պարագայում պետք է շեշտել, որ մասնավորապես բժշկական գրականության պարագայում հնարավորինս արագ կերպով ռուսերեն են թարգմանվում անգլալեզու հեղինակավոր պարբերականները։
Արդյունքում ստեղծվում է մի վիճակ, երբ հայ բժիշկները կարող են ծանոթանալ այս ոլորտում նոր հայտնագործություններին, նոր զարգացումներին միայն անգլերեն կամ ռուսերեն, քանի որ հայերեն վերջիններս գրեթե չեն թարգմանվում։ Համաձայնենք, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական թռիչքային զարգացումը ենթադրում է, որ բժիշկները պետք է առավելագույնս համընթաց քայլեն ժամանակակից զարգացումներին։ Վերջինիս համար պարտադիր պայման է ընթերցանությունը, որն էլ իր հերթին հնարավոր է միայն օտար լեզուների իմացության պայմաններում։ Իհարկե, այս իրավիճակում կարելի ասել և պնդել, որ համապատասխան գրականությունը թարգմանվի նաև հայերեն և հասանելի լինի հայ մասնագետներին մայրենի լեզվով, սակայն հասկանալի է, որ նման հեռանկար գործնականում դեռ չկա, ուստի տեղին չէ նաև անհարկի կերպով շահարկել տարատեսակ փսևդոհայրենասիրական սենսացիաներ, որոնք միայն դիլետանտիզմի վկայություն են։
Հ․ Գ․ Ի դեպ, երբ լսում ես լրագրողների կողմից Առողջապահության նախարարին տրված հարցերն ու վերջինիս պատասխանները, ապա ակնհայտ է դառնում, որ նախարարին սադրիչ հարցադրման փորձ անողների մեծ մասը լուրջ խնդիրներ ունի հայոց լեզվի հետ։
Աղասի Մարգարյան
Pressmedia.am վերլուծաբան