Երևանում բացված եվրաակումբը հնարավորություն կտա հայ երիտասարդներին տեղեկություն ստանալ ԵՄ-ի մասին
SocietyԵՄ կառույցների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին երիտասարդներն այսուհետ կկարողանան տեղեկատվություն ստանալ Երևանում հոկտեմբերի 18-ին բացված եվրաակումբում: Միջոցառմանը մասնակցել են 30 երիտասարդներ երևանյան տարբեր կրթական հաստատություններից և հասարակական կազմակերպություններից:
Բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա հանդես եկավ ողջույնի խոսքով և ազդարարեց Երևանում Եվրաակումբի մեկնարկը:
«Ես շատ ուրախ եմ որ Հայաստանյան երիտասարդությունը նույնպես հետքրքրված է այս գաղափարով և նախաձեռնությամբ: Այն փաստը, որ Հայաստանում նույնպես մեկնարկում են եվրաակումբները և գաղափարը տարածում է գտնում, խորհրդանշական է:
Դա վկայում է այն մասին, որ երիտասարդ հայերի եվրոպական ինքնությունը շատ ամուր է: Ինչը նշանակում է, որ հայաստանյան երիտասարդությունը մեծապես հետաքրքրված է շարունակել իր կապերը եվրոպական երիտասարդության հետ խոսելու և համագործակցության միջոցով, ու ոչ միայն Եվրամիության շրջանակներում»,- ընգծեց Սվիտալսկին:
Անդրադառնալով եվրաակումբի գաղափարին՝ դեսպանը նշեց, որ այդ ակումբները հնարավորություն են տալիս տեղեկատվություն ունենալ Եվրոպայի մասին, զրույցներ և խոսակցություններ վարել Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին:
«Կարծում եմ, եվրաակումբները լրացուցիչ հնարավորություն կընձեռեն հայ երիտասարդությանը, մասնավորապես, մարզերում բնակվող հայ երիտասարդներին, ստանալ տեղեկություն Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին: Առաջին եվրաակումբը Հայաստանում բացվեց Գորիսում:
Ես շատ ուրախ էի տեսնել երիտասարդության հետաքրքրությունը այնտեղ: Հիմա մենք բացում ենք երկրորդ եվրաակումբը Երևանի կենտրոնում՝ ամբողջ Հայաստանի աշխուժության կենտրոնում»,- ասաց դեսպանը:
Եվրոակումբների գաղափարը մեկնարկել է ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում: Այնուհետև այդ գաղափարը տարածում գտավ այլ Եվրամիության անդամ երկրներում, ինչպես նաև Եվրամիության սահմաններից դուրս: