ԵՊՀ ուսանողները կմասնակցեն Դուշման Վարդանի 50-ամյակին նվիրված միջոցառումներին
SocietyՇուշիում հոկտեմբերի 20-22-ը կազմակերպվում է ԵՊՀ ուսանող-ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ, ինչպես նաև պուրակի հիմնում Բերձորում:
Ինչպես տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից, միջոցառումները կազմակերպվում են ԵՊՀ ռեկտորատի և Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ: Արցախ կայցելեն շուրջ 100 համալսարանականներ ԵՊՀ ռեկտորի գլխավորությամբ՝ ուսանողներ, դասախոսներ, ազատամարտիկների հարազատներ:
Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում նախատեսվում է անցկացնել մշակութային միջոցառում, ինչպես նաև դպրոցի դասարաններից մեկը անվանակոչվելու է Արցախյան պատերազմի հերոսի անվամբ:
Միջոցառումը նպատակ ունի վերաարժևորելու Արցախյան գոյամարտին մասնակցած ԵՊՀ 27 զոհված ազատամարտիկների հիշատակը, բարձրացնելու ուսանողների հայրենասիրական ոգին և ապացուցելու, որ ոչ ոք չի մոռացվում:
Միջոցառման շրջանակում Մայր բուհը դպրոցին կնվիրաբերի համակարգիչներ և գրքեր:
Հավելենք, որ ծրագրով նախատեսված որոշ միջոցառումներին մասնակցելու է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ֆինանսավորմամբ: