Անցանկալի հաղորդագրություններ ստանալու գործընթացը կարգավորվելու է
SocietyՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քայլեր է ձեռնարկում հեռախոսներով անցանկալի հաղորդագրություններ ստանալու գործընթացը կարգավորելու համար:
Այս մասին նշեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքով՝ նոր օրենսդրական փոփոխություն է նախատեսվում, որով կկարգավորվի խանութներից կամ տարբեր կառույցներից քաղաքացիների հեռախոսահամարներին sms հաղորդագրություններ ստանալու գործընթացը:
«Արդեն հստակ օրենքի պահանջ կդրվի, որով կնշվի, որ արգելվում է, առանց քաղաքացիների իմացության, հաղորդագրություններ ուղարկել, և եթե քաղաքացին ինչ-որ պահի չի ցանկանում այդ կառույցից կամ խանութից հաղորդագրություն ստանալ, ապա պետք է հնարավորություն ունենալ դա կարգավորել: Թե չէ ստացվում է, որ սպառողը կրակն է ընկնում, երբ գնում է մի խանութ, այնտեղ առաջարկում են տվյալները թողնել՝ զեղչերի մասին տեղեկություն ուղարկելու համար, սակայն պարզվում է, որ այդ խանութն ընդգրկված է ինչ-որ մեծ խոշոր խանութների ցանցում, և սպառողն արդյունքում դառնում է այդ խանութների գովազդային արշավների զոհը»,-ասաց Շուշան Դոյդոյանը:
Նա ընդգծեց, որ նման հաղորդագրություններ ստանալուց հրաժարվելը պետք է լինի մատչելի, բջջային հեռախոսով կամ ինտերնետով մի քանի գործողություն կատարելով:
Շուշան Դոյդոյանի խոսքով, գործակալությունը քայլեր է ձեռնարկում նաև քաղաքի տարբեր հատվածներում տեսանկարահանումների գործընթացը կարգավորելու համար: «Այսօր գրեթե ցանկացած վայրում՝ խանութ լինի, թե` բնակելի շենք, մենք տեսահսկվում ենք, և այդ տեսահսկման 90 տոկոսն իրականացվում է առանց անձնական տվյալների պաշտպանության կանոնների»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց գործակալությունն այդ ոլորտը կարգավորելու համար մշակել է համապատասխան ուղեցույց, որում հանգամանալից ներկայացված է տեսահսկում իրականացնողների պարտականությունները: Մասնավորապես, ըստ այդ կանոնների, տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր սուբյեկտ չի կարող փոխել տեսահսկում իրականացնելու նպատակը` առանց իրազեկելու:
«Օրինակ` եթե գործատուն աշխատավայրում տեսահսկում է իրականացնում և այդ մասին իրազեկում է աշխատակիցներին՝ նշելով, որ այն իրականացվում է բացառապես շենքի անվտանգությունն ապահովելու համար, ապա չի կարող այդ տեսագրությունն այլ նպատակով կիրառել: Ասենք, այդ տեսանկարահանումը հիմք ընդունել և աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել ուշանալու համար:
Այսինքն` անձնական տվյալներ մշակելու ընթացքում նպատակը չի կարող փոխվել` առանց իրազեկելու անձնական տվյալների սուբյեկտին»,- հավելեց Շուշան Դոյդոյանը:
Նա նշեց, որ օրենքով այդ ամենը կարգավոր վում է և կառույցը համապատասխան դրույթները խախտելու դեպքում կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, սակայն գործակալությունն առայժմ չի ցանկանում տուգանելու ճանապարհով գնալ:
Գործակալությունը նախ նպատակ է դրել տեսանկարահանում իրականացողների շրջանում համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել: Իրավիճակը չշտկվելու դեպքում նոր կկիրառվի տուգանքի մեթոդը: