Պարզվում է՝ կառավարության ծրագրում հանրային շահի ոգին էր պետք փնտրել, այսինքն՝ դուխը
AnalysisԿառավարության ծրագիրը կարծես մի տեսակ հիասթափեցրել է պատգամավորների ոչ իշխանական թևի ներկայացուցիչներին, իսկ ՀՀԿ-ականները մեծահոգաբար լռում են: Նրանք ո՛չ հարց են տալիս, ո՛չ էլ իրականում հարց ունեն տալու, քանի որ մեծ հաշվով երկիրը երկիր չի դարձել հենց իշխող կուսակցության վատ աշխատանքի պատճառով: Ու հիմա, ինչպես Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է ասում, պետք է ամեն ինչ անել, որ 18-րդ դարից համատեղ ուժերով կարճ ժամանակահատվածում թռիչքաձև հասնենք 21-րդ դար:
Պատգամավորների հիասթափությունը պայմանավորված է նրանով, որ ընդամենը մեկ հարցի պատասխան էր սպասում՝ ներկայիս կառավարության ուժը կպատի՞ արմատախիլ անել երկրում օր օրի ծաղկող կոռուպցիան ու պայթեցնել երկրում կարծրացած մենաշնորհներից գոյացած բուրգերը, թե՞ ոչ: Պարզ ասած՝ ներկայիս կառավարությունը կամք ու վճռականություն ունի՞ վերացնելու անարդարությունն ու տգիտությունը:
Պարզվում է, որ, ինչպես և նախորդները, նրանք նույնպես մեծ ցանկություն ունեն երկրում առկա արատավոր երևույթների դեմ պայքարել, բայց կստացվի՞, թե՞ ոչ, ոչ ոք չի կարող ասել: Կ. Կարապետյանը միայն մի բան կարող է վստահ ասել, որ իր ղեկավարած կառավարությունում հանգրվանած նախարարներն ինքնաբավ և կիրթ մարդիկ են և երբևէ իրենց թույլ չեն տա պետության գրպանը մտնել: Գուցե դա այդպես է, սակայն նրանից առաջ նույնպես երբեք որևէ վարչապետ բացեիբաց չի ասել, որ միտումնավոր եկել է երկիրն անդունդը գլորելու համար՝ հակառակ դեպքում նրանց տեղը ոչ թե վարչապետական կամ նախարարական փափուկ աթոռը կլիներ, այլ բանտի սառը և չոր աթոռը:
Այն, որ ներկայիս վարչապետն ու իր թիմը չեն պատրաստվում պետության գրպանները թեթևացնել, կարելի է հավատալ, բայց դրանով որքանով երկիրը կործանումից հնարավոր կլինի փրկել, պարզ չէ: Մեկ բան ակնհայտ է, որ այնքան ժամանակ, քանի դեռ երկիրն ու ժողովրդին թալանող գիշատիչների ճանկերը վիրահատական եղանակով չեն հանվել մարդկանց ու երկրի օրգանիզմից, ոչինչ էլ չի փոխվի, և այս ամենը պետք է հստակ թվերով պարզ ներկայացնել հասարակությանը: Իսկ առանց թվերի «եթե»-ներով ու «կապրենք կտեսնենք»-ով արդեն 25 տարի ապրում ենք ու անընդհատ արձանագրում, որ ծրագրերը գրեթե նույնն են, ցանկությունները՝ նույնպես, բայց ոչ մի կառավարության այդպես էլ չհաջողվեց երկիրը քամելուց և եղածը փոշիացնելուց բացի նաև կառուցել: Տարբեր վարչապետների նույնաբովանդակ տեսություններից հոգնած հասարակությունը ոչ թե լոլոներ է ուզում նոր կառավարությունից լսել, այլ հստակ ժամկետում իրականացվող հստակ քայլեր, որպեսզի պարզ դառնա, թե օրեցօր երկիրն առա՞ջ է գնում, թե՞ շարունակում է գահավիժել անդունդ:
Արմինե Գրիգորյան