Մեծ հաշվով գործարարը, ձեռներեցն արդյունաբերության կազմակերպիչ չէ
AnalysisԿարեն Կարապետյանը զարմացած է, թե ինչու են ԱԺ պատգամավորներն այդքան շատ շեշտում, որ ներկայացված ծրագրում պետք էր հատուկ տողով և մանրամասն գրել, թե ներկայիս կառավարությունն ինչպե՞ս է տեսնում «արդյունաբերության վերակենդանացում» ասվածը:
Այսօրինակ հարցերին վարչապետը պատասխանեց հակիրճ, առանց էքսպրեսիայի ու լիրիկայի՝ «որտեղ տեսնում եք գործարար, որտեղ տեսնում եք ձեռներեց, որտեղ տեսնում եք բիզնես, փակագծերում գրեք՝ արդյունաբերություն: Ամբողջը տարածվում է իր վրա»: Նա նաև իր խոսքում նշեց, որ անհրաժեշտ է առավելագույնս պրագմատիկ խորհուրդներ տալ, որպեսզի այն կիրառելի ու հասկանալի լինի, թե դրա արդյունքում ինչ պետք է անի կառավարությունը:
Բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե օրինակ՝ շաքարի կամ բանանի բիզնեսով զբաղվելու դեպքում այն պատրաստի կերպով դրսից ներկրելը, որը թեև կոչվում է ձեռներեցություն, բիզնես, նաև՝ առ ու ծախ, և դրանց արտադրությունը կամ աճեցումը երկրի ներսում կազմակերպելը որքանո՞վ են նման գործողություններ, որ տեղավորվեն մեկ տողում կամ նույն տրամաբանության մեջ:
Իհարկե, նույն լակոնիկ ոճով բիզնես գործունեությամբ զբաղվել նշանակում է առնել ու վաճառել՝ առանց ջանք թափելու և այդ ճանապարհին ամենևին էլ պարտադիր չէ, որ աշխատատեղեր ստեղծվեն կամ ոլորտ զարգանա: Առավել «ճկուն» գործարարները բազմաթիվ պատրաստի ապրանքներ որպես հումք կոպեկներով ներմուծում են, հետո տեղում փաթեթավորում, վաճառում ու անունը դնում ձեռներեցություն, հաճախ էլ փաստաթղթերով են առ ու ծախ ձևակերպում, փողերը լվանում ու ներմուծող երկրից վերածվում արտահանող երկրի:
Հետաքրքրին այն է, որ եթե վարչապետ Կարեն Կարապետյանը երկրի վիճակը ախտորոշելու ճանապարհին հանկարծ հայտնաբերեր, որ վերջին 5 տարում փաստաթղթերով Հայաստան այնքան սալիկ է ներմուծվել, որ հնարավոր կլիներ ողջ Հյուսիս-հարավ մայրուղին մի քանի երես սալիկապատել, կրկի՞ն «բիզնես» ասելով արտադրություն կհասկանար: Եթե այդ թվերը, օրինակ, համեմատեր տեղում արտադրություն կազմակերպելու միջոցով ոլորտ և դրան շաղկապված այլ արտադրություններ նույնպես ստեղծելու հետ, այդ ժամանա՞կ էլ գործարարին ու արտադրողին կհավասարեցներ, թե՞ կսկսեր դրանք մի լավ տարանջատել և ուսումնասիրել տարբեր ոլորտներում արտադրություն հիմնելու և դրա ճանապարհային քարտեզների տարբերությունները: Քանի որ հայրենի արդյունաբերությունը հենց այդ նույն առ ու ծախի կամ ինչպես ավելի մոդայիկ է՝ բիզնեսի պատճառով փոշիացավ ու ողջ երկրում ծաղկեց գործազրկությունը, որի հետևանքով սկսեցին մեռնել ոլորտներ, իսկ նեղ մասնագետները՝ արտագաղթել երկրից, քանի որ երկիրը վերածվել էր առնող-ծախողի կամ նրանց սպասարկողի՝ երկիրը հասցնելով դժոխքի շեմին:
Ու հիմա, որպես լավ մենեջեր, երբ ժողովուրդը շունչը պահած սպասում էր հենց արտադրության կազմակերպմանը կամ խթանմանը վերաբերող տողին, պարզվեց, որ վաճառականը, գործարարն ու արտադրություն կազմակերպողը նույնն են։
Հարկ է նշել, որ մարդիկ ոչ թե ուզում են նայել, թե խաբելով ու յուրացնելով լֆիկներն ինչպես են հարստանում, այլ հստակ ուզում են տեսնել, թե ի վերջո իրենց «հագով» մեր երկրում մի աշխատատեղ երբևէ կբացվի՞, թե՞ իրենք էլ բռնեն գաղթի ուղին: Մարդիկ ուզում են իրենց տեղը, դերը և նշանակությունը տեսնել երկրում և ոչ թե շարունակել իրենց նվաստացած զգալ: Հենց դրա համար է, որ չի կարելի գործարարին, ձեռներեցին համեմատել արտադրություն կազմակերպողների, այսինքն՝ աշխատատեղ ստեղծողների հետ:
Արմինե Գրիգորյան