Գյումրիում կայացավ «Արդի սպառնալիքներ և մարտահրավերներ հայ-ռուսական ռազմական դաշինքի համար» գիտաժողովը
SocietyՀայ-ռուսական ռազմավարական դաշինքի հեռանկարները, ինչպես նաև այս երկու երկրների միջև տնտեսական, ռազմավարական, քաղաքական, սոցիալական ու սոցիոլոգիական խնդիրներն ու հարցերը հոկտեմբերի 21-ին ներկայացվեցին Գյումրու պետական մանկարարժական ինստիտուտում հրավիրված գիտաժողովի ժամանակ:
Գիտաժողովի կազմակերպիչ բոլոր կառույցները՝ «Ինտեգրացի և զարգացում» հասարակական կազմակերպություն, Եվրասիական փորձագիտական ակումբ, Ազգային հարաբերությունների և տնտեսական ինտեգրումը հարավկովկասյան փորձագիտական ցանցը, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերությունը և «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործակալությունը, փորձել էին գիտաժողովի համար հատկացված թեև կարճ, բայց բավական բուռն քննարկումների ընթացքում ներկայացնել ռազմավարական դաշինքի ինչպես ձեռքբերումներն, այնպես էլ բացթողումները:
Գիտաժողովը գերազանց հնարավորություն էր ներկայացնելու բազմակողմանի վերլուծություն այս հարցի շուրջ: Խնդիրները ներկայացվեցին ինչպես տեղի մասնագետների, այնպես էլ ՌԴ-ից ժամանած փորձագետների կողմից:
Ներկայացվեցին նաև հասարակական կարծիքի դրսևորումները հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ՝ վերջին տարիների հետազոտությունների արդյունքներով: Գիտաժողովին ներկա էին նաև ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանությունների խորհրդականները, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները:
«Սա գերազանց հնարավորություն է վերհանելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են գալիս մեր երկկողմ բարեկամության, ռազմավարական, գործընկերային հարաբերությունների մեջ: Սա լավ հնարավորություն է տեսնելու, թե ինչպես է տեղական հանրությունը գնահատում այս երկու երկների հարաբերությունների արդի վիճակը:
Այն խումբը, որը մենք ստեղծել ենք վերջին 3 տարիների ընթացքում, իսկապես շահագրգռված է, որ Գյումրին, լինելով Հայաստանի համար ռազմավարական նշանակության քաղաք, կարողանա արտահայտել այն իրական տրամադրությունները, որոնք այսօր կան քաղաքում և ո րոնք վերաբերում են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը և Եվրասիական ոլորտում ծավալվող գործընթացին: Լավ բան է անընդհատ գործընկերությունից խոսել, բայց պետք է նաև իրավիճակի շահագրգիռ ու ճշմարտի վերլուծություն իրականացնել, որը կարող է օգնել ճիշտ քաղաքականություն կառուցելու համար:
Դրա համար ես երկուսն էլ համարում եմ կարևոր. մի կողմից՝ մեր ժառանգած դարավոր հայ-ռուսական հարաբերությունների դրական պոտենցիալը պարտավոր ենք պահպանել ու շարունակել, իսկ մյուս կողմից՝ պարտավոր ենք մարդկանց հնարավորություն տալ արտահայտելու իրենց մեջ կուտակվածը, իսկ հետո պարտավոր ենք հետևել, որ այդ արտահայտված մտքերը չմնան գետնին՝ դառնան գործնական քաղաքականության հիմք»,-իր խոսքում նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Եվրասիական տնտեսական միության անդամակցության մասին արդեն երկրորդ տարին է, ինչ խոսվում է: Միայն այս տարվա 6 ամիսների ցուցանիշներով Հայաստանի շատ համեստ արդյունքերի մեջ կարևոր ու ուրախացնող փաստ կա՝ հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալների ավելացումն է 87 տոկոսով, որն աննախադեպ է հայ-ռուսական հարաբերությունների պատմության վերջին 25 տարիների մեջ :
«Եվրասիական տնտեսական միությունում առկա են տնտեսության զարգացման հնարավորությունները, սակայն այդ ներուժը գտնվում է պետության ներսում և մենք պետք է բոլոր հնարավորությունները ստեղծենք, որ այդ ներուժն օգտագործենք:
Որոշակի տնտեսական անկում ունեցել ենք 2015 թվականին. դա կախված էր Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ, իսկ այս տարի մենք ունենք ընդհանուր արտահանման մոտ 16 տոկոս աճ՝ կապված ՌԴ արտահանման հետ»,-նշեց տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը :