Երևանում կայանալու է Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված համերգ
CultureԱրամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 28-ին կայանալու է համերգ՝ նվիրված Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին: Համերգին ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ որպես մենակատարներ հանդես են գալու՝ Մերիդիանվոկալ տրիոն, Նադեժդա Լուկաշևիչը, Նիկոլայ Սմետանինը, Ալեքսեյ Պոդշիվալովը, նաև՝ սոպրանո Թեհմինե Զարյանը, դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը, բարիտոն Դավիթ Բաբայանցը, թավջութակահար Արմեն Մեսրոպյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Երեկոյին հնչելու է՝ Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար, «Հիշիր այս պահը» վոկալ շարքը, հատվածներ օպերաներից և կինոերաժշտությունից:
Ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։ Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտների, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։ Մ. Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։