Հայկական մենաշնորհ , թե մենաշնորհ
AnalysisԵրեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ մենաշնորհները բոլոր պետությունների համար ցանկալի երևույթներ են և կարևոր է քննել ոչ թե մենաշնորհների առկայությունը, այլ դրանց առաջացման ճանապարհները։ Գալուստ Գրիգորիչի այս հայտարարությունը, ինչպես նրա բոլոր հրապարակային հարցազրույցներն ու ձևակերպումները, հայաստանյան լրատվական դաշտի կողմից ենթարկվեց այսպես ասած «անխնա ռասկրուտկայի»։ Սակայն սույն միտքը, պետք է խոստովանել, որ լիովին հիմնավորված էր այստեղ դժվար էր որևէ քննադատելի տարր գտնել։
Բանն այն է, որ իսկապես էլ մենաշնորհներն ազատ շուկայական տնտեսության պայմաններում ձևավորվում են մաքուր մրցակցային դաշտի առկայության պայմաններում։ Տնտեսագիտության դասական կանոններով որևէ ոլորտում մենաշնորհի ձևավորումը նշանակում է, որ տվյալ ոլորտում մենաշնորհի հասած ընկերությունը կամ անհատը առաջարկում է շուկայում իր ապրանքի կամ ծառայության ամենաընդունելի որակի և գնի համադրությունը։
Սակայն, բնականաբար, սա գործում է այնպիսի պետական և շուկայական հարաբերություններում, որտեղ բացառված է կամ նվազագույնի է հասցված տնտեսական և քաղաքական էլիտաների սերտաճումը, որտեղ չկան օլիգոպոլիային հատուկ երևույթներ և վերջապես այնտեղ, որտեղ քաղաքական իշխանության միակ հենարանը օլիգարխիան կամ գործարարները չեն։ Ակնհայտ է, որ Հայաստանում նշված բոլոր պայմաններն էլ բավարարված չեն, քանի որ իշխանության նկատմամբ հասարակական անվստահության ու լեգիտիմության պակասի պայմաններում վերջինիս միակ հենարանը դառնում են հենց օլիգարխներն ու գործարարները, որոնք որպես փոխհատուցում ստանում որոշակի արտոնություններ և բնականաբար մենաշնորհներ։ Արդյունքում՝ Հայաստանում ի սկզբանե խեղվում է հենց մենաշնորհի ձևավորման դասական մեխանիզմը։
Ի դեպ, պետք է շեշտել, որ այս երևույթը բոլորվին էլ լոկ անձերի խնդիր չէ, այլ բխում է վարչակարգի բովանդակությունից, քանի որ գործարարը, նույնիսկ օրինապահ գործարարն իր սեփականության և բիզնեսի համար ինդուլգենցիա վաստակելու համար պետք է համապատասխան ծառայությունները մատուցի քաղաքական էլիտային, իսկ երբեմն էլ կամա թե ակամա դառնա այդ վարչակարգի մի մասնիկը։ Նման իրավիճակը կարծես վերածվում է իշխանության ապահովման և բիզնես հնարավորությունների փոխշահավետ առևտրի, որից առաջնային տուժողը դառնում է պետության տնտեսությունն ու տնտեսական համակարգը և ապա անմիջականորեն քաղաքացին։ Արդյո՞ք Գալուստ Գրիգորիչը, խոսելով մենաշնորհների ձևավորման մեխանիզմներից, հենց սա նկատի ուներ, դժվար է ասել, սակայն եթե անգամ դա այդպես է, ապա, այնուամենայնիվ, հարց է ծագում, թե ինչպես է ներկայիս վարչակարգը և գլխավորապես Հանրապետական կուսակցությունը ցանկանում իր ձեռքում պահել իշխանությունը, եթե հանկարծ որոշում կայացվի հրաժարվել իշխանություն ձևավորելու օլիգոպոլիկ մեթոդներից, որը կհանգեցնի վարչակարգի կազմաքանդմանը։
Pressmedia.am վերլուծաբան