ՀՀԿ խմբակցության ղեկավարն առանց ապացույցների համոզում էր, որ Ձկնկուլի սպանության հետ Ալեքսանյանը կապ չունի
AnalysisԱյսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանի սպանությանը եւ այդ տեղի ունեցածի հետ կապված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը եւ մեղադրանքներին, նշեց.
«Ես հորդորում եմ գործընկերներիս անպատասխանատու հայտարարություններ չանել ու ծանր մեղադրանքներ չհնչեցնել, եթե չունեն ապացույցներ: Նման ծանր մեղադրանքներով իրենք իրենց խղճի դեմ պետք է պատասխան տան: Նման հարցերը պետք է լուծվեն իրավապահ համակարգի շրջանակներում: Ես կատեգորիկ բացառում եմ Փաշինյանի մեղադրանքները: Լավ երեւույթ չէ, որ ցանկացած դեպքի առիթով քաղաքական գործիչները փորձում են իրենց քաղաքական վրեժխնդրությունը լուծել, դրա մրոտելու ձեւ է»,- ասաց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Վահրամ Բաղդասարյանը չունի ապացույց, կասկածները հերքելու վերաբերյալ, պատգամավորն ասաց, որ ինքը զուտ մարդկային առումով է բացառում Սամվել Ալեքսանյանի մեղավորությունը:
Ինչպես նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, անձնական ընդդիմադիր կերպարը կերտելու համար պետք չէ անհատների քննադատությամբ ու մեղադրանքով զբաղվել։
«Սա քաղաքական դաշտ է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես կընդունի Սամվել Ալեքսանյանը Փաշինյանի ծանր մեղադրանքները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հումորով ու փիլիսոփայորեն»: