«Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում
Society«Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը նոյեմբերի 12-ից 13-ը առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում` Ծաղկաձոր քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց առաջնության կազմկոմիտեի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ միջոցառումը կազմակերպվում է «Ինչ, որտեղ, երբ» միջազգային ասոցիացիայի հետ համատեղ եւ անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
«Նման միջոցառումները պատիվ են բերում ցանկացած երկրի: Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ շարժումը վայելում է իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն ու ուշադրությունը»-, նշեց Աշոտյանը:
Աշոտյանը նաև ասաց, որ հրավիրել են ադրբեջանական թիմերին՝ երաշխավորելով նրանց անվտանգութունը, սակայն վերջիններս հրաժարվել են մասնակցել առաջնությանը:
«Պետք է շեշտեմ, որ երբ աշխարհի առաջնությունն անցկացվում էր Ադրբեջանում, նրանց կազմկոմիտեն չէր հրավիրել Հայաստանի հավաքականին և չէր երաշխավորում հայկական թիմերի մասնակցությունն ու անվտանգությունը»,- ընդգծեց նա:
Արմեն Աշոտյանը վստահ է, որ այս առաջնությունը ևս մեկ անգամ կընդգծի Հայաստանի դիրքը ինտելեկտուալ աշխարհում: