Հայաստանի և Իտալիայի միջև կրթական համագործակցության հուշագիր ստորագրվեց
SocietyՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին հոկտեմբերի 26-ին` ԿԳ նախարարությունում, կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: «Համաձայնագիրը երեք լեզուներով է և ներառում է ոլորտային հիմնախնդիրները: Հուշագրի միջոցով կարևորվում է հա մալսարանների և հետազոտական կենտրոնների միջև համագործակցությունն ու նոր հորիզոնների բացումը»,- նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլինի խոսքով` նման հուշագրերը հնարավորություն են տալիս ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև: «Մշակութային և կրթական ոլորտները, հատկապես, մտերմացնում են պետություններին, քանի որ հասարակության լայն շերտերը երեկոյան հիմնականում մշակութային թեմաներ են քննարկում»,-ասաց դեսպանը:
Ստորագրված փաստաթղթի համաձայն` կողմերը կխրախուսեն ուսանողների, հետազոտողների և պրոֆեսորների փոխանակումները, կնպաստեն երկրների միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Կողմերը կնպաստեն հետազոտողների և պրոֆեսորների միջև փորձի և հմտությունների փոխանակմանը, կօժանդակեն դասընթացների, համատեղ սեմինարների, գիտաժողովների և ցուցահանդեսների կազմակերպմանը: