Գողություն կատարողները ոչ թե սոցիալապես անապահովներն են, այլ նյութապես լավ ապահովվածները. Գագիկ Ջհանգիրյան
SocietyԱյսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, իր ելույթում զարմանք արտահայտելով, հայտարարեց. «Մեկ-մեկ զարմանում եմ, երբ պատգամավորները ծանրանում են այնպիսի նախագծերի քննարկման վրա, որ ամենից քիչ խնդիրները հարուցողն են: Ու հակառակը, այնպես թեթեւ ենք անցկացնում այնպիսի նախագծեր, որոնք լուրջ քննարկման խնդիր ունեն: Ելույթ չէի ունենալու, եթե չլիներ մի քանի հանգամանք: Ի՞նչ է պատիժը։ Այն վերադաստիարակելու խնդիր ունի, իսկ դրա համար պետք է արած արարքի համար պատասխանատվություն կրի, արդար դատապարտված լինի, արդար դատաքննությամբ հաստատած լինեն իր մեղքը, սակայն, երբ մարդն անմեղ է, նրա ինչը ուղղենք, վերադաստիարակենք: Ինքը թշնամությամբ է լցվում այդ պատիժը կրելու ժամանակ ե՛ւ ՔԿՀ աշխատողների, ե՛ւ դատարանի, ե՛ւ հասարակության նկատմամբ: Մարդուն պետք է հնարավորություն տանք՝ հասարակության համար պիտանի մարդ դառնալու»,- ասաց նա՝ անդրադառնալով նաեւ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն դիտարկմանը, թե շատ մարդիկ աղքատությունից դրդված են գողության դիմում ու հայտնվում ՔԿՀ-ներում։
«Պարո՛ն Մարգարյան, գողություն կատարողները ոչ թե սոցիալապես անապահով մարդիկ են, այլ նյութապես լավ ապահովվածները: Իսկ այդպես արտահայտվելով՝ մենք վիրավորում ենք աղքատության մեջ գտնվող մարդուն, թե նա է հիմնականում գողություն անողը: Ի դեպ, նա ավելի բարոյական է, ավելի արժանապատիվ, չի քծնել, չի դավաճանել իր սկզբունքները, դրա համար աղքատ է մնացել: Նա գնում է կայարանում բեռ է կրում, մի քանի հազար դրամ է աշխատում ու բերում իր երեխային կերակրում: Սա սոցիոլոգիական հարցումների արդյունք եմ ասում: Գողություն անում է, օրինակ՝ նարկոմանը, որը լավ էլ հարուստ մարդու տղա է, գնում է, գողություն է անում, քանի որ հայրը գումար չի տալիս թմրադեղերի համար: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ ասել բազմաթիվ պաշտոնատար անձանց մասին:
Նախագիծը լավն է, գտնում եմ, որ այն պետք է առաջին ընթերցմամբ ընդունել, հետո բարելավել»,- ասաց նա: