Հայաստանում նոր գաղափարներ կյանքի կոչելու բազմաթիվ հնարավորություններ կան. հայրենադարձներ
EconomicsՀայաստանում նոր գաղափարներ կյանքի կոչելու բազմաթիվ հնարավորություններ կան:
Այս մասին նշեց ԱՄՆ-ից հայրենադարձած «Impact Hub Yerevan» և «Semina Consulting» ընկերությունների համահիմնադիր Վահե Քեոշքերեանը:
«Ես զբաղվել եմ գինեգործությամբ, երբ եկա Հայաստան, ուսումնասիրեցի շուկան հասկացա, որ մեր հայրենիքը գինեգործության օրրան է: Սկզբում, իհարկե, էմոցիոնալ պահեր կային, գործերս հաջող չգնացին, սակայն ես չհիասթափվեցի: Հիմա ամեն ինչ կարգին է, արտադրությունը գնալով ընդլայնվում է»,-ասաց Վահե Քոեշքերեանը: Նրա խոսքով, Հայաստանում հեշտությամբ ինտեգրվել է, որևէ խնդիր չի ունեցել, միակ բանը որ կցանկանար բարելավվել, վարչարարությունն է:
«Թղթաբանությունը շատ-շատ է: Եթե ցանկանում ենք փորձի համար 3 շիշ գինի ուղարկել այլ երկիր, այնքան թղթեր են պահանջում, ձգձգում: Այդ ամենը, որ չլինի, գործը շատ արագ առաջ կգնա, բիզնեսը շատ արագ կզարգանա»,-հավելեց Վահե Քեոշքերեանը:
Կանադայից Հայաստան տեղափոխված Րաֆֆի Էլիոթը «Get Treated Medical Travel» ընկերության հիմնադիրն է: Այս ընկերությունը զբաղվում է առողջապահական տուրիզմով:
«Ես մինչ հիմնական տեղափոխվելը, երկու անգամ եղել եմ Հայաստանում, այդ ընթացքում ես կապ գտա հայրենիքի հետ և մտածում էի հաստատվել այստեղ: Ինձ ասում էին, Հայաստանում գործ չկա, փող չկա, ոչինչ չկա: Սկզբում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում էի աշխատում, հետագայում շուկան ուսումնասիրեցի, հասկացա, որ առողջապահական տուրիզմը զարգացնելու հնարավորություն կա: Ահա այդ ուղղությամբ էլ աշխատում եմ»,-ասաց Րաֆֆին Էլիոթը:
Նրա խոսքով, այլ երկրներում առողջապահական ծառայությունները թանկ արժեն, իսկ Հայաստանում ավելի մատչելի են ու որակյալ: Այժմ այլ եր կրներից Հայաստանի առողջապահական տուրիզմով բավական հետաքրքրվողներ կան:
Ընկերությունը ստեղծել է հարթակ, որտեղ ցանկացածը կարող է ծանոթանալ Հայաստանում բժշկական ծառայությունների գներին, սահմանել վիրահատության օրը, ընտրել հյուրանոցը: Ներկայում այցելուների կեսը Կանադայից են, նրանց մեծամասնությունն այլ ազգի ներկայացուցիչներ են:
«Հայկական ծրագրավորման ակադեմիա»-ի համահիմնադիր Նարեկ Ասլիկյանը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից: Նա կրթություն է ստացել Մոսկվայում և դարձել մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:
«Սկզբում չէի պատկերացնում, որ Հայաստանում իմ մասնագիտությամբ կկարողանամ օգտակար լինել: Այստեղ պարզ դարձավ, որ կարող եմ աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանում 450-500 IT ընկերություն կա, դրանցում աշխատում է 10 հազար մարդ, բայց մենք չունենք համակարգ, ընկերություններ, որոնք ծառայություններ կմատուցեն, կօգնեն կադրեր պատրաստել ու կնպաստեն ոլորտի զարգացմանը:
ՏՏ ոլորտն ամեն տարի աճ է արձանագրում, եթե անհրաժեշտ քանակի կադրեր պատրաստվեն, ապա ոլորտը առավել կզարգանա: Մենք հիմա պատրաստում ենք մասնագետներ, որոնց պահանջն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները»,-ասաց Նարեկ Ասլիկյանը:
Հայաստանում դժվարություններ կան, սակայն հայրենադարձած մեր հայրենակիցների գլխավոր խնդիրը հոգեբանական եմ համարում: Այն, որ շատերի համոզմունքն է` Հայաստանում ոչինչ անել հնարավոր չէ, Հայաստանում, ոչինչ փոխել հնարավոր չէ: Այնինչ կան բազմաթիվ օրինակներ, երբ նոր գաղափարներն ու ծրագրերը կյանքի են կոչվում և հաջողություն ունենում: