Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված համերգներ կանցկացվեն նաև Երևանում
CultureՀանրաճանաչ երգահան Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Երևանում երկու համերգ կանցկացվի: Այս առիթով կազմակերպիչները հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Թարիվերդիևի 85-ամյակին Ռուսաստանում անցկացվում է «Միքայել Թարիվերդիևի միջազգային փառատոն», և Հայաստանում կայանալիք համերգները դրա մա սն են կազմում: Ծրագիրը բազմազան է. կհնչեն երգահանի սիմֆոնիկ, կամերային և այլ ստեղծագործություններ»,- նշեց երգահանի կինը`Վերա Թարիվերդիևան:
Ռուսաստանից Հայաստան ժամանած դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլի խոսքով` Թարիվերդիևի երաժշտությունը մեղմ է և խոսուն:
«Այն մեծ ազդեցություն ունի հասարակության վրա. և՛ թախիծ, և՛ ժպիտ է պարգևում»,-ասաց դաշնակահարը:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանն ընդգծեց, որ նախարարությունը միշտ էլ ձգտել է ներկայացնել Թարիվերդիևի երաժշտությունը և հավելեց, որ համերգներին կհնչեն հեղինակի սիմֆոնիկ գործերը, ֆիլմերից սիրված երաժշտությունները:
«Մի քանի տեղծագործություն առաջին անգամ կմատուցվի հանրությանը»,-շեշտեց խորհրդականը:
Հոբելյանական առաջին համերգը կրում է «Յո երթաս» խորագիրը և կկայանա հոկտեմբերի 27-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ հոկտեմբերի 28-ի համերգը կանցկացվի Արամ Խաչատրյանի համերգասրահում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունների, Ռոսկոնցերտ համերգա-հյուրախաղային միության և Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի աջակցությամբ:
Ազգությամբ հայ երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում: Սովորել է տեղի երաժշտական դպրոցում, ապա ուսումնարանում, որոշ ժամանակ Երևանի կոնսերվատորիայիում: Ռուսաստանում ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժինը`կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ:
Թարիվերդիևը ֆիլմերում հնչած 130 երաժշտության հեղինակ է: Հիշարժան են նրա «Եղջեու արքան», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասնհինգերորդ գարունը», «Բաղնիքդ անուշ», «Ճակատագրի հեգնանքը» և այլ ֆիլմերի համար գրված երաժշտությունները: Գրել է բազմաթիվ սիմֆոնիաներ, երգեհոնային կոնցերտներ, դաշնամուրային պիեսներ և այլ ստեղծագործություններ: