Գերմանացի լրագրողն ամոթալի է համարում Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգի չեղարկումը
SocietyԳերմանացի լրագրող Յուրգեն Գոթշլիհն ամոթալի է համարել Գերմանիայի ԱԳՆ որոշմամբ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգի չեղարկումը:
Այս մասին լրագրողը նշել է Taz.de լրատվականում:
Լրագրողը նշել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի դաշնային կառավարությունը խոստացել էր անել ամեն բան Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու նպատակով:
Այդ նպատակին ծառայող ծրագրերից մեկն էլ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգն էր, որին մասնակցելու էին գերմանացի, հայ և թուրք երաժիշտներ: Կարևոր նախագիծը ֆինանսավորվում էր Եվրամիության և Գերմանիայի արտգործնախարարության կողմից: Պատահական չէ, որ հենց ԱԳՆ-ն էր առաջարկել Ստամբուլում գերմանական հյուպատոսությունը` որպես համերգի անցկացման վայր:
«Սակայն հերթական անգամ, ինչպես 1915-ին, երբ Գերմանիան Առաջին աշխարհամարտին Թուրքիայի դաշնակիցն էր, գերմանական կողմը զոհաբերեց հայերին ավելի կարևոր շահերի համար: Այն ժամանակ Գերմանիան ոչինչ չարեց ցեղասպանությունը կասեցնելու համար, իսկ հիմա դադարեցնում է հյուպատոսարանում նախատեսված համերգը, որը նվիրված է նույն այդ ցեղասպանությանը: Սա խայտառակ պահվածք է մի երկրի համար, որն այնքան բան գիտի ցեղասպանության և Հոլոքոստի մասին»,- նշել է լրագրողը: