Մեկնարկում է ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը
CultureՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը պատրաստվում է իր մեկնարկին: Այդ մասին լրագրողների հետ զրուցեցին փառատոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչները:
«Բացման արարողությանը կներկայացվի Ֆրանսիայի և Բրիտանիայի համատեղ արտադրության Մայքլ Դյուդոկ դը Ուիթի «Կարմիր կրիան» ֆիլմը, իսկ փակմանը` «Լուիզան ձմռանը» կինոժապավենը: Ընդհանուր առմամբ կցուցադրվի 33 ֆրանսիական կինոնկար: Ֆրանսիայի դեսպանատունը երկու անիմատորների կրթաթոշակ կհատկացնի Ֆրանսիայում կրթվելու նպատակաով»,- նշեց Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շաղպեմտիեն:
Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչն ասաց, որ շատ ուրախ է մասնակցել ՌեԱնիմանիա փառատոնին:
«Այս տարի ներկայացվելու են մի քանի լեհական ֆիլմեր: Ներկայումս Լեհաստանում ֆիլմ է նկարահանվում է անվանի նկարիչ Վան Գոգի մասին և շատ կցանկանայինք որպեսզի տեխնիկապես հագեցած, հետաքրքիր լուծումներով այդ կինոնկարը հաջորդ տարի ցուցադրվի ՌեԱնիմանիայի շրջանակում»,-ասաց ներկայացուցիչը:
Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին ընդգծեց, որ տվյալ կինոնկարի նկարահանումներն ավարտված են և իրենք բանակցում են այդ ֆիլմը հաջորդ տարի ցուցադրելու մասին:
Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչ Նարեկ Թովմասյանի խոսքով` փառատոնի շրջանակում այս տարի ներկայացվելու է «Շեքսպիրն ապրում է» ծրագրի մի մասը:
«Շեքսպիրի մահվան 400-րդ տարին է. այդ առիթով փառատոնին կցուցադրվեն Շեքսպիրյան կարճամետրաժ ֆիլմեր»,-շեշտեց Նարեկ Թովմասյանը:
Ռեժիսոր Բիլ Փլիմփթոնը, ով Հայաստանում այս օրերին կանցկացնի վարպետության դաս, հաղորդեց, որ կներկայացնի երկու պրեմիերա`«Վրեժխնդրություն» լիամետրաժ և «Ոստիկան շունը» կարճամետրաժ ֆիլմերը:
«Վարպետության դասին մանրամասն կպատմեմ, թե ինչպե՞ս եմ նկարահանում ֆիլմերը, ինչպե՞ս եմ գրում սցենարը և վաճառում իմ արտադրանքը»,-նշեց ամերիկացի ռեժիսորը:
Փառատոնին կցուցադրվի 95 երկրի 450 կինոնկար: ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28 –ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Փակման հանդիսավոր միջոցառումը կլինի նոյեմբերի 3-ին: