Լոռու մարզպետի գնահատմամբ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը տնտեսության մեջ շրջադարձային քայլ էր
EconomicsՎանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը տնտեսության մեջ շրջադարձային քայլ էր: Այս մասին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հանդիսավոր բացմանը լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Լոռին հայտնի է որպես արդյունաբերական մարզ: Խորհրդային տարիներից հետո մարզում տնտեսությունը փոքր-ինչ նահանջ ապրեց, այստեղ լուրջ մտածել էր պետք, թե Վանաձորի տնտեսությունը զարգացման ինչ նոր հեռանկարներ կարող է ունենալ: Բնականաբար, զարգացման հեռանկարներից մեկը հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է:
Այդ համատեքստում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը տնտեսության մեջ շրջադարձային քայլ էր: Առաջիկա տարիներին կզգանք, թե տնտեսության զարգացման մեջ ինչ տեղաշարժ է լինելու»,- ասաց մարզպետը: Նրա խոսքով՝ զարգացման գործընթացում շեշտը չի դրվելու միայն տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: Տեխնոլոգիական կենտրոնն իր հետ զարգացնելու է նաև մնացած ենթակառուցվածքները:
Մարզպետի փոխանցմամբ՝ առաջիկա կարճ ժամանակահատվածում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կստեղծվի 150 աշխատատեղ և երկու տարվա ընթացքում շուրջ հազար աշխատատեղ: Արթուր Նալբանդյանը նշեց, որ նախատեսվում է Վանաձորում կառուցել նաև Թումո կենտրոն:
«Դա մի շղթա է լինելու: Երբ 2015 վականին ՀՀ նախագահը ընդունում էր մարզպետներին ու քննարկվում էին տնտեսության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, այդ ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վանաձոր քաղաքը ունենա Թումո կենտրոն:
Բարերարների և Սիմոնյան հիմնադրամի հետ քննարկումներ են տարվում, նախատեսվում է հիմանդրամին հողատարծք հատկացնել: Համոզված եմ, որ մոտ ժամանակներս կսկսվեն Թումո կենտրոնի ստեղծման աշխատանքները»,-հավելեց մարզպետը: