Գյումրիում բացվեց «Միգրացիայի ուղիները» լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը
SocietyԳյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում հոկտեմբերի 29-ին բացվեց լուսանկարիչներ Գերման Ավագյանի և Վիգեն Մնոյանի համատեղ «Միգրացիայի ուղիները» լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը:
Լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված են աշխատանքային միգրանտների, Սիրիայից եկած փախստականների և հայրենադարձների 50 լուսանկարներ:
«Սա այն եզակի ցուցադրություններից է, որտեղ ցուցադրվում է, որ Հայաստանից ոչ միայն մեկնում են, այլ վերադառնում: Եղել ենք հանրապետության բոլոր մարզերում, գտել նրանց, ովքեր աշխատանքի բերումով մեկնել են Հայաստանից, ապա նորից վերադարձել Հայաստան, կան հերոսներ, ովքեր ոչ միայն Սիրիայից են եկել, այլ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և այլ երկրներից՝ հայեր, ովքեր ծնվել են արտերկրում, բայց հիմա եկել են իրենց հայրենիքը:
Միգրացիոն ինքն իրենով նորմալ բան է՝ մարդիկ գնում են իրենցը գտնելու, մեկ այլ բան է, երբ դու թողնում ես քո հողն ու ջուրը ու գնում, բայց Հայաստանում դա հիմնականում կախված է աշխատանքային միգրացիայի հետ: Շատ լուրջ քայլ է այն մարդկանց համար ովքեր վերադարձել և ապրում են հայրենի երկրում»,- նշեց Վիգեն Մնոյանը՝ փաստելով, որ ինքն ու Գերման Ավագյանը ևս ժամանակին աշխատել են այլ երկրներում, բայց հիմա արդեն Հայաստանում են:
«Մեզ այս երկրի հողն ու ջուրը հետ բերեց, դա միայն կարոտ չէ, այլ այն, ինչը հնարավոր չէ բացատրել»,- նշեց Վիգեն Մնոյանը:
Հերոսներին գտնելն այնքան էլ դժվար չէր, նշում են լուսանկարիչները, հատկապես աշխատանքային միգրանտներին: Շրջապատում նրանք շատ են: Տարբեր պատմություններով՝ արտերկրից եկած արդեն շատ կայացած քաղաքացուց մինչև նույնիսկ սեփական հողը չունեցող, բայց նրանց ընդհանուր մեկ բան է կապում՝ Հայաստանի նկատմամբ սերը:
Լուսանկարներն անելու համար Գերման Ավագյանն և Վիգեն Մնոյանը շրջագայել են ողջ Հայաստանով՝ ծանոթացել հերոսների՝ Հայաստանում հաստատվելուց հետո նրանց ապրուստի միջոց հայթայթելու անհատական պատմություններին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Միգրացիոն Քաղաքականության Զարգացման Միջազգային Կենտրոնի (ICMPD) և ֆինանսավորվել ԵՄ կողմից: Գյումրիում ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 5-ը: