Հայաստանում տնտեսությունները կարկուտից պաշտպանելու համար 5 հազար հակակարկտային կայան է անհրաժեշտ
SocietyՀայաստանում գյուղացիական տնտեսությունները ամբողջապես կարկուտից պաշտպանելու համար 5 հազար հակակարկտային կայան է անհրաժեշտ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
«Հակակարտային կայանների ձեռքբերումը մեծ գումարների հետ է կապված: Հայաստանում այս պահին կա 496 հակակարկտային կայան»,- նշեց Արմեն Երիցյանը:
Նա հայտնեց, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվում է 11 միլիարդ 244 միլիոն դրամ, որի մեծ մասը հատկացվում է աշխատավարձերին: Նա նշեց, որ գումարի մեծ մասը տրվում է փրկարար ծառայությանը, որի էլի գերակշիռ մասը աշխատավարձերի վճարմանն են ուղղվելու:
Նախարարի խոսքով՝ իրենք աշխատում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտին Կոտայքի մարզում բացվել է ՀՀ ԱԻՆ և ՌԴ ԱԻՆ հումանիտար կենտրոն: Պայմանագրի համաձայն 2016-2017թթ. ՌԴ-ն հրշեջ փրկարարական մեքենաներ է ու ղարկելու Հայաստան:
Երիցյանը կարևորում է արտակարգ իրավիճակների ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը: Ճապոնիան հատուկ տեխնիկա, հատուկ շտաբային մեքենաներ, սողանքների դեմ պայքարի տեխնիկա է հատկացրել ՀՀ ԱԻՆ-ին, հայ մասնագետները վերապատրաստվել են Ճապոնիայում: Նախարարը տեղեկացրեց, որ պայմանագիր են կնքել Ճապոնիայի հետ, որի համաձայն` 15 միլիոն դոլարի չափով 41 հրշեջ մեքենա են ձեռք բերելու, որոնք տրամադրվելու են Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերին: