Բերդում «ԳԱԶ 66»-ին բախված «Մերսեդես»-ի վարորդը ծանր վիրավորվել է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 31-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի հացի փռան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Տավուշեցու փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում բախվել են «Մերսեդես Ե» մակնիշի 35AN421 (վարորդ՝ Վ. Մ. ծնվ. 1981թ.) և ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 66» մակնիշի ՊՆ7120Շ (վարորդ՝ Ա. Մ. ծնվ. 1977թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով Վ. Մ.-ին դուրս է բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Բերդի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհը և հոսանքազրկել «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենան: