Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է հասարակական տրանսպորտի խնդիրները կարգավորելու քայլեր
SocietyԵրևանի քաղաքապետարանը գործուն քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս այդ թեմային անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետը և ասել է, որ հասարակական տրանսպորտի հարցը Երևանի առջև ծառացած ամենահրատապ և սուր խնդիրներից մեկն է, որին պետք է շուտափույթ լուծում տալ: «Արդեն հայտարարել ենք մրցույթ միջազգային խորհրդատու կառույցների հետ՝ մշակելու հասարակական տրանսպորտի թարմացման, արդիականացման պլանը, երթուղային ցանցի վերանայումը, շարժակազմի վերանայումը:
Մենք պարզապես այլընտրանք չունենք; Լուծման միակ տարբերակը մեծ և միջին տարողությամբ ավտոբուսների շահագործումն է: Միկրոավտոբուսներից պետք է ազատվել: Դրա համար մեզ պետք են մի շարք հիմնարար փաստաթղթեր:
Հարկավոր է կարգավորել երթուղային ցանցը, շարժակազմը, կառավարման մոդելը»,- ասաց Արեյանը:
Արեյանի խոսքով՝ ամբողջ այդ մաստեր պլանը հիմա միջազգային կառույցների հետ գտնվում է մշակման փուլում, որպեսզի քաղաքն ունենա հիմնարար բազային, իրավական, օրենսդրական, կազմակերպական, ծրագրային պլատֆորմ, որի վրա կկառուցվի հետագա բիզնես պլանը: «Այն, որ խնդիրն առկա է, մենք չենք թաքցնում:
Եվ քաղաքապետն այստեղ եղավ շատ անկեղծ ու օբյեկտիվ, որ, այո, տրանսպորտի խնդիրը իսկապես ծառացած է մեր առջև: Եվ մենք պետք է կարողանանք ժամ առաջ, որքան հնարավոր է շուտ լուծել այդ խնդիրը»,- ասաց Կամո Արեյանը:
Հարցին, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի հասարակական տրանսպորտի խնդիրն ամբողջությամբ լուծելու համար, Արեյանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Թույլ տվեք անկեղծ լինել՝ հիմա չեմ կարող ժամանակահատված ասել, բայց որ մենք ուշացնելու իրավունք չունենք, դա փաստ է և մեր դիրքորոշումն է»: