Հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործողները դրամական պարգևների են արժանացել
CultureՀՀ նկարիչների միությունում ամփոփվեցին հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթի արդյունքները: Մրցույթը հայտարարել էին Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանի նկարիչների միությունը:
«Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2007թվականից:
Այս տարի այն նվիրված էր ՀՀ անկախությանը: Ներկայացված աշխատանքները այդ թեմային էին վերաբերում: Ընդհանուր ֆոնդը կազմում էր 42մլն դրամ»,- նշեց Ռուսաստանում հայերի միություն և համաշխարհային հայկական կոնգրեսի Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Աղավնի Հարությունյանը:
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով`տարվա ընթացքում մոտ 50 ցուցահանդես են անցկացնում, սակայն այս տարվա կարևորագույն միջոցառումը մրցանակաբաշխությունն էր:
«Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրին տրվել է քվեաթերթիկ, որտեղ նրանք նշել են իրենց կարծիքով լավագույն ստեղծագործությունները:
Նույն օրը վերահսկիչ հանձնաժողովի կողմից հաշվվել են քվեաթերթիկները և ընտրվել մրցանակակիրները»,-ընդգծեց նախագահը:
Լավագույն ստեղծագործությունները ներկայացվել են չորս անվանակարգում` գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ:
Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո Տարվա լավագույն գեղանկար անվանակարգում մրցանակի են արժանացել Խաչատուր Ազիզյանը, Ռուբեն Ղևոնդյանը, Էդիկ Վարդանյանը, Սամվել Լաճիկյանը: Նրանցից յուրաքանչյուրին շնորհվել է 450 000-ական դրամ:
Տարվա լավագույն քանդակ անվանակարգում հաղթել են Նունե Թումանյանը, Արման Համբարձումյանը: Նրանցից յուրաքանչյուրին տրվել է 400 000-ական դրամ:
Տարվա լավագույն գրաֆիկա անվանակարգում լավագույնն են համարվել Կարապետ Փաշյանը, Կարապետ Աբրահամյանը Մարգարիտա Պարեմուզովան` ստանալով 250 000-ական դրամ:
Տարվա լավագույն դեկորատիվ-կիրառական աշխատանք անվանակարգում մրցանակի է արժանացել Այծեմնիկ Ղևոնդյանը, ում շնորհվել է 250 000 դրամ: Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան 200 հայտ, բայց ոչ բոլորն են ընտրվել: