Իվան Դանիլյանց. Վերջնամասում բաց թողեցինք ցավալի գոլ
SportՖուտբոլի Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» 1:2 հաշվով կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում:
«Բարդ հանդիպում էր մեզ համար: Թիմը մանրակրկիտ պատրաստվել էր «Աթլետիկոյի» դեմ խաղին՝ ուսումնասիրելով մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը: Լավ սկսեցինք հանդիպումը, իսկ հետո «Աթլետիկոն» առավելություն ստացավ արագության շնորհիվ: Ինչ վերաբերում է մեր թիմային գործողություններին, ապա հաճախ ճիշտ էինք խաղում, սակայն պարտվում էինք մենապայքարներում: Ուրախ եմ, որ բնավորություն ցուցադրեցինք, լավ խաղացինք, սակայն վերջնամասում բաց թողեցինք ցավալի գոլ:
Առջեւում կա 2 խաղ: Պետք է պատրաստվենք «Բավարիայի» դեմ հանդիպմանը: Մնացել է մեզ դրսեւորելու 2 հնարավորություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Ռոստովի» կայքը:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում իսպանական ակումբը հաղթանակ էր կորզել ավելացված ժամանակում, երբ դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մնացել էր «Ռոստովի» փոխարինողների թվում: