Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդը գումարել է առաջին նիստը
EconomicsՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի գործունեությունը, որի նպատակը պետություն-գործարար համայնք արդյունավետ երկխոսության կայացումն է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը:
«Մենք գործելու ենք թափանցիկ և հասարակությունից ստացված յուրաքանչյուր ազդակ դառնալու է քննարկման առարկա»:
Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ բարեփոխումների հիմքում բիզնեսի դիտարկումն է որպես պետության գործընկեր՝ ընդգծելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական փոփո խության կարևորությունը: Անդրադառնալով ստվերի կրճատմանն ուղղված քայլերին՝ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ այս գործընթացում ևս համատեղ ջանքերով պետք է հասնել դրական արդյունքի:
«Ստվերում գործող տնտեսվարողները չեն ընդունվելու պետության և հասարակության կողմից: Անհրաժեշտ է տարանջատել սպիտակ դաշտում գործող բիզնեսին»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը: Նիստում քննարկվել են գործարար հատվածի, հասարակական կառույցների առաջարկություններն ու կոմիտեի մշակած օրինագծերը:
Նոր հարթակի միջոցով հնարավորություն կունենանք արդյունավետ մասնակցել հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին, տնտեսական հարցերի քննարկմանը. խորհրդի անդամները դրական սպասումներ ունեն համատեղ աշխատանքից՝ ակնկալելով արդյունավետ երկխոսության շարունակականություն և կարճ ժամանակահատվածում բարեփոխումների էական արդյունք:
Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ հրատապ խնդիրներին կտրվեն օպերատիվ լուծումներ՝ կազմակերպելով մասնագիտական քննարկումներ. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է: