ՌեԱնիմանիա փառատոնի մրցանակակիրներն արդեն հայտնի են
CultureԱվարտվեց ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը: Արդյունքները լրագրողներին ներկայացրեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին:
«Մեկ շաբաթից սկսելու ենք ՌեԱնիմանիա 2017-ի նախապատրաստական աշխատանքները: Չնայած ֆինանսական խնդիրներին, կարողացանք պատվով անցկացնել փառատոնը: Կարծում եմ` ժյուրին պրոֆեսիոնալ մոտեցմամբ հիանալ ի ընտրություն է կատարել»,- նշեց Վրեժ Քասունին:
Ներկայացնում ենք մրցանակների արժանացած ֆիլմերի մի մասը:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմերի հանրային ժյուրիի մրցանակի է արժանացել Մառլիես Վան դեր Վելի «Ջոնասը և ծովը» ֆիլմը:
Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ` Պասկալ Էկե` «Փախչող բիսկվիթը»:
Լիամետրաժ ֆիլմերի հանրային ժյուրիի մրցանակը հանձնվել է Քրիս Փրինոսկուն «Ներաշխարհ» կինոնկարի համար:
Լիամետրաժ ֆիլմի լավագույն արտ կոնցեպտ` Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակը տրվել է Ալբերտո Վասքեզ և Պեդրո Ռիվերոի «Փսիքոնաթես. Մոռացված երեխաներ» ֆիլմի համար:
Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ` Լև Ատամանովի անվան մրցանակի է արժանացել Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» կինոժապավենը:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթել է Ալբերտո Վազքեսի «Բեմադրված» կինոնկարը: Նույն անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվել է Անթյե Հեյնին «Փորձ և սխալ» ֆիլմի համար:
Վրեժ Քասունու խոսքով`ինքը չի սիրում նախապես խոսել, սակայն շատ կցանկանար, որ հաջորդ տարի Հայաստանում անիմացիայի ֆակուլտետ բացվեր, ինչը կնպաստեր անիմացիոն ֆիլմերի զարգացմանը:
ՌեԱնիմանիան Հայաստան էր բերել բազմաթիվ հետաքրքիր հյուրերի, որոնք դրական տպավորություններով են հեռացել մեր երկրից` նշելով, որ ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված:
Ռեժիսոր Բիլ Փլիմփթոնի վարպետության դասին ներկա է եղել ավելի քան 200 մարդ: Իսկ այս տարվա ՌեԱնիմանիային ներկայացվել է 2200 հայտ 90 երկրից, սակայն ընտրվել և ցուցադրվել է 450 անիմացիոն ֆիլմ:
ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 28-ին: Այն ավարտվեց նոյեմբերի 3-ին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել են տարբեր երկրների արտադրության բազմաժանր անիմացիոն ֆիլմեր, բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվել են վարպետության դասեր և այլ միջոցառումներ: