Կառավարությունը նոր ծրագրով բնապահպանության ոլորտում չափելի արդյունքներ է ակնկալում
SocietyԲնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը Կառավարության ծրագրի բնապահպանության ոլորտին առնչվող հատվածը գնահատում է որպես հստակ եւ չափելի ցուցանիշներով: Նախարարությունն առաջադրել է կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր՝ վեցամսյա, մեկամյա եւ եռամյա կտրվածքով:
«Ներկայացված են օրենսդրությանը համահունչ Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգման եւ պահպանման հիմնախնդիրները: Սա մեր առանցքային խնդիրներից մեկն է, եւ արդեն իսկ այս պահի դրությամբ իրականացվել է իշխանի եւ գեղարքունի տեսակի 719 հազար մանրաձկան բացթողում Սեւանա լիճ: Նախատեսված ծավալներին համապատասխան 52 հա ջրածածկ է մաքրվել ծառերից: Այժմ լճի մակարդակը 26 սմ-ով ավելի բարձր է՝ ի համեմատ նախորդ տարվա այս ժամանակահատվածի, այսինքն՝ աճը շարունակական է», Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Նա ներկայացրեց, որ վեցամսյա ժամկետում նախատեսվել է նաեւ Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի, ինչպես նաեւ «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի հաստատումը:
«Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանը նաեւ ներառվել է 2017 թվականի Կառավարության ծրագրերն ապահովող միջոցառումների ցանկում, նախատեսվում են վերոնշյալ տարածքում ջրային ռեսուրսների խնայողության, պահպանման, կառավարման արդյունավետության բարձրացում, ինչպես նաեւ ջրաքանակի ավելացումներ: Նախատեսում ենք նաեւ կարճաժամկետ գործողությունների շրջանակում բնօգտագործման վճարների հաշվետվությունը դարձնել էլեկտրոնային: Ասեմ, որ շահառուների թիրախը 4000 տնտեսավարողներ են, որոնց համար այսուհետև հասանելի կլինի հաշվետվության էլեկտրոնային տարբերակը»,-նշեց Խաչիկ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում Երեւանում բացվելու է էկոզբոսաշրջության աջակցման տեղեկատվական կենտրոն, որն, ըստ փոխնախարարի, հարմարավետ միջոց է լինելու զբոսաշրջիկների համար՝ ծանոթանալու Հայաստանում էկոզբոսաշրջության ներուժին: