Մասնագիտության սխալ ընտրությունը կարող է հանգեցնել գործազրկության
SocietyԴեռևս դպրոցական տարիքից յուրաքանչյուր ոք սկսում է մտածել, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրել: Իսկ ի՞նչ հանգամանքներ պետք է հաշվի առնել մասնագիտությունը ընտրելիս: Աշխատաշուկայի պահանջա՞րկը, նախասիրություննե՞րը, թե՞ այն, ինչ այսօր նորաձև է: Այժմ հայաստանյան իրականության մեջ մարդիկ ավելի շատ նախընտրում են վերջին տարբերակը. «շարժվում են նարաձևությանը համընթաց»: Վերջին շրջանում ձևավորվել է, այսպես ասած, մոդայիկ մասնագիտությունների մի ցուցակ, և շրջանավարտները դիմում են բուհերի հենց այդ բաժինները: Ցուցակի առաջին հորիզոնականներում են գտնվում միջազգային հարաբերությունների, իրավագիտության, լրագրության, թարգմանչության, տնտեսագիտության և հոգեբանության ֆակուլտետները: Այսպես` երիտասարդներն ընտրում են այս մոդայիկ մասնագիտություններից մեկը` առանց հաշվի առնելու դրա պահանջարկն ու իրենց ունակությունները: Արդյունքում մասնագիտության սխալ ընտրության հետևանքով առաջանում է Հայաստանում լայնորեն տարածված գործազրկությունը:
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի 2015 թվականին իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չաշխատելու հիմնական պատճառը պայմանավորված է թե’ կանանց, թե’ տղամարդկանց համար աշխատանք չգտնելու հանգամանքով: Իսկ աշխատանք չգտնելու պատճառները կարող են տարբեր լինել` ցածր աշխատավարձ, չհամապատասխանող որակավորում, աշխատանքային ոչ պատշաճ պայմաններ և այլն:
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից 2016 թվականին իրականացված ուսումնասիրության համաձայն` պետական և ոչ պետական բուհերի ուսանողների` մասնագիտական ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա վիճակագրական տվյալներով կանայք հիմնականում բարձր ցուցանիշներ են գրանցել սոցիալական գիտություններ (82,6%), կրթություն և մանկավարժություն (81,6%), սպասարկման ոլորտ (75,1%), բնական գիտություններ (67,7%), մշակույթ և արվեստ (65,7%), հումանիտար գիտություններ (62,0%), առողջապահություն (55,8%) ոլորտներում: Մնացած մասնագիտություններում կանանց թիվը 50%-ից շատ ավելի քիչ է:
Վիճակագրական այս տվյալներից պարզ է դառնում, որ հայ հասարակության մեջ լայնորեն տարածված է ավանդական դարձած այն դիրքորոշումը, որ տղամարդիկ պետք է ֆինանսապես ապահովեն ընտանիքը: Ըստ այս ուսումնասիրության` Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում (15-75 տարեկան զբաղվածներն ու գործազուրկները) զբաղված է կանանց 45,8%-ը` համեմատած տղամարդկանց 62,3%-ի հետ: Դիտարկելով գործազրկության մակարդակը ըստ տարիքային խմբերի` հնարավոր է տեսնել, որ կանանց մոտ գործազրկության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է 15-19 (43,3%), 20-24 (41,1%), 25-29 (27,9%) տարիքային խմբերում:
Նույն հետազոտությունը փաստում է, որ ըստ տարիքային գործոնի`ՀՀ գործազուրկների շրջանում գերակշռում են 15-19 և 20-24 տարեկան կանայք և տղամարդիկ, այսինքն՝ երիտասարդությունը: Ընդ որում` տարիքային այդ երկու խմբերի դեպքում կանայք գերակշռում են: 15-19 տարիքային խմբին պատկանող կանանց գործազրկության մակարդակը ամենաբարձր ցուցանիշն է ունեցել 2014 թվականին` 54,6% (ըստ էության`այս ցուցանիշը աճ է գրանցել 2011 թվականից սկսած): Տարիքային այս խմբին պատկանող տղամարդկանց դեպքում ցուցանիշը, ընդհակառակը, նվազել է 2013 թվականին՝ 41,4%-ից հասնելով մինչև 26,5%:
20-24 տարիքային խմբի կանանց գործազրկության մակարդակը կրճատվել է` նշված տարիների ընթացքում` կրելով չնչին փոփոխություններ (2010 թվականին 46,7%, 2014 թվականին `43,1%: Տղամարդկանց դեպքում պատկերը չի փոխվել. 2010 թվականին` 30,8%, 2014թ.` 31,5%): Գործազուրկ կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին նաև 25-29 և 30-34 տարիքային խմբերում: Գործազուրկ կանանց թիվը, ըստ էության, նշված ժամանակահատվածում ավելացել է, իսկ տղամարդկանց դեպքում, հակառակը, նվազել է:
Հետազությունից պարզ է դառնում, որ այսօր երիտասարդության գործազրկության մակարդակի ցուցանիշն ամենաբարձրն է, իսկ դրա հիմնական պատճառը ոչ ճիշտ մասնագիտություն ընտրելն է:
Նունե Ղազարյան