ԿԸՀ-ն հաստատեց դիտորդների հավատարմագրման կարգը
SocietyԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում հաստատեց դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հանձնաժողովի բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, հավատարմագրման համար ներկայացվող դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակի էլեկտրոնային ձևը և ներկայացման կարգը, դիտորդների և այցելուների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանելու մասին որոշման նախագծին:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշման նախագիծ ներկայացնելու համար, նախկինում ևս կիրառվել են ու պայմանավորված են Ընտրական օրենսգրքում կատարված լրամշակումներով: «Մասնավորապես, խոսքը դիտորդների հավատարմագրման առավելագույն ժամկետի մասին է: Եթե նախկինում Ընտրական օրենսգրքով ամրագրված էր, որ դիտորդները կարող են հավատարմագրվել մինչև քվեարկության օրվանից 10 օր առաջ, ապա հիմա սահմանվել է 15 օր առաջ: Վկայականները կտրամադրվեն դիմումը ստանալուց հետո 12 օրվա ընթացքում: Ամրագրվել են հավատարմագրման կարգիկ հետ կապված իրավակարգավորումները»,- ասաց Մուկուչյանը:
Եթե նախկինում Ընտրական օրենսգիրքը սահմանում էր պահանջ, որ տեղական դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների դիտորդները պետք է ունենային վկայականներ, ապա առաջարկվող որոշման նախագծով այդ պահանջը հանված է և չի գործելու: «Առաջարկվում է սահմանել միջազգային դիտորդների, ինչպես նաև այցելուների համար վկայականների ձևը՝ օրենքի պահանջներին համապատասխան»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը: