Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի նոր կառավարությունից երկրի տնտեսությունը զարգացնելու ակնկալիքներ ունի
EconomicsՀայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարությունը կգտնի երկրի տնտեսությունը զարգացնելու ուղիներ: ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռիժկովն ընդգծեց, որ հայ ազգն արժանի է ավելի լավ ապրելու, իսկ երկրում հիմնական խնդիրը, որը լուծում է պահանջում, բնակչության սոցիալ-տնտեսական կյանքն է:
«Հայաստանում գլխավոր խնդիրը երկրի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքն է: Մենք տվյալներ ունենք, որ բնակչության 30 տոկոսն աղքատ է: Դա վատ է, որովհետև այս ժողովուրդն արժանի է լավ ապրելու: Հիմա նոր վարչապետ ունեք, նոր թիմ է հավաքվել, և ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն տնտեսությունը զարգացնելու ճանապարհները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Ռիժկովը:
Նա հավելեց, որ ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն նոր փոփոխություններ: Ռիժկովը հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանում կհայտնվեն նոր գաղափարներով նոր քաղաքական ուժեր, ինչպես նաև կպահպանվի այն թիմը, որն այս ընթացքում լավ է աշխատել: