2017-ը քաղաքական սերնդափոխության աննախադեպ հնարավորություն
Analysis2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտում տարատեսակ խմորումները գտնվում են դեռևս ստվերային, սակայն բավական ակտիվ փուլում։ Այս պայմաններում, եթե մի պահ շեղենք մեր ուշադրությունը քաղաքական դաշտի մշտական խաղացողներից, ապա կարող ենք տեսնել, որ Հայաստանում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել քաղաքական դաշտում սերնդափոխություն իրականցնելու համար։ Անշուշտ, այդ հնարավորությունը պետք չէ գերագնահատել, քանի որ այսպես կոչված ավանդական կուսակցությունները տարիներ շարունակ մշակել են քվեներ ստանալու իրենց միջոցները՝ նախընտրական մուրաբաներից մինչև մահացածների փոխարեն քվերակություն։ Սակայն մյուս կողմից ներկայումս իրավիճակը որոշակի փոփոխություններ է կրել։ Նախևառաջ նոր ընտրական օրեսնգրքով և ընտրողների ցուցակների հրապարակումը բավական նվազեցնում է ուղղակի ընտարկեղծիքների հնարավորությունը։
Բացի այս Հայաստանում քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական գիտակցության մակարդակն անհամեմատ ավելի բարձր են նախորդ ընտրության ժամանակահատվածից։ Այս մասին էին վկայում անցած ՏԻՄ ընտրությունները, քանի որ վերջիններիս պարագայում, ընդդիմությունը ոչ միայն համաձայնվեց գրանցված արդյունքների հետ, այլև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ակտիվորեն վերահսկեցին բուն ընտրական գործընթացը ընտրատեղամասերում։ Նշված հանգամանքների ֆոնին հայաստանյան քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունների նկատմամաբ հանրային անվստահության բավական մեծ չափաբաժինը կարող են ցատկահարթակ դառնալ որակապես և նաև ֆիզիկապես նոր ու երիտասարդ քաղաքական ուժերի ու գործիչների համար։ Անշուշտ դա հեշտ գործընթաց չի լինելու, քանի որ հին գվարդիան երբեք էլ հեշտությամբ իր տեղը չի զիջի, սակայն մեր իրականության մեջ առկա պայմաններում նոր շունչ, ասելիք ու սկզբունքայնություն ներկայացնող ուժի անհրաժեշտությունը առավել քան զգալի է։
Ավելին, ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում մասնավորապես ընդդիմության պառակտված ու անկազմակերպ վիճակի արդյունքում Հանրապետական կուսակցությունը մնացել է դաշտի միակ կուռ քաղաքական ուժը՝ իր ներքին խնդիրներով ու բախումներով հանդերձ։ Սակայն Հանրապետականի այս կարգավիճակը միաժամանակ նաև իր թուլությունն է, քանի որ ցանկացած ռեալ ու չշահարակված այլընտրանքի դեպքում հասարակական տրամադրությունը կարող է կտրուկ շրջադարձ կատարել, առավել ևս որ Հանրապետականը նույնպես հասարակական վստահություն չի վայելում։ Սա չի նշանակում, թե հանրապետականը մի քանի ամսում կկորցնի իշխանությունը , ինչը կամա թե ակամա, պետք է համաձայնենք որ առկա պայմաններում այնքան էլ իրատեսական չէ, սակայն մյուս կողմից դաշտում նոր և թարմ ուժի հայտնվելը բերելու է քաղաքական օրակարգում նոր խմբագրումների պահանջ, որոնց արդյունքում հնարավոր է քաղաքականությունը վերջնականապես լքեն մի շարք քաղաքական դիակներ, որոնց գործունեությունը դարձել է լիովին ինքնանպատակ։ Սա պետք է շեշտել, որ նաև օրակարգային խնդիր է, քանի որ խորհրդարանական կառավարման անցնելու պայմաններում կենսական անհրաժեշտություն է նոր որակի խորհրդարան ունենալը, որտեղ այլևս չեն լինելու ներկայիս կոճակ սեղմելու հոգեբանության կրող պատգամավորներ։
Իսկ վերջիններիս բացակայության առաջնային պայմաններից մեկը քաղաքական դաշտում և նաև կուսկացություններում սերնդափոխության հրամայականն ։ Այս առումով ի դեպ պետք է շեշտել, որ ներկայումս արդեն իսկ հայաստանյան քաղաքական դաշտում նկատվում են մի շարք գործընթացներ, որոնք կարող են բերել որակապես նոր քաղաքական կազմավորումների ի հայտ գալուն, որոնց և կանդարդառնանք առաջիկայում։
Pressmedia.am վերլուծաբան