Վիգեն Սարգսյանի նախագիծն ու արմատական զտումները ՊՆ-ում
AnalysisՀայաստանյան մեդիան և սոցցանցային հանրույթը ամենաբուռն կերպով քննարկում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագիծը, համաձայն որի զինծառայողների ու նրանց ընտանքիների կյանքի և առողջության ապահովագրության նոր համակարգ է ստեղծվելու։ Առաջարկվող համակարգով յուրաքանչյուր աշխատող ամսեկան 1000 դրամ է հատկացնելու այս նպատակի համար։ Անշուշտ, հանրային արձագանքը չափազանց բուռն էր նման նախագծին, քանի որ մասնավորապես նշվում է, որ աշխատավարձը սեփականություն է, որը նույնպես անձեռնմխելի է, մյուս կողմից, երբ հարցը վերաբերում է բանակին, ապա բացահայտ այդ 1000 դրամը չվճարելու մասին հայտարաություններ գրեթե չկան, քանի որ բուն նախագծի մասին առկա ինֆորմացիան պաթոսի բավական մեծ չափաբաժին է պարունակում։ Ուստի նման պայմաններում դժգոհության հիմնական ալիքն ուղղվում է արդեն առավելապես աչքի ընկած օդիոզ զինվորականների կողմը, որոնք յուրօրինակ բանակային օլիգարխներ են։
Թերևս հենց այստեղ էլ կանգ առնենք։ Ամենայն հանավականությամբ վարչակարգը կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել Սերժ Սարգսյանը անակնկալ կերպով ասպարեզ իջեցնելով այսօրինակ նախագիծ հենց նման արդյունքի էլ սպասում էր։ Բնական է, որ բանակի հարցերում մեր հասարակությունը բավական իներտ է և բանակի հետ կապված հանրային դժգոհության հիմնական վեկտորն ուղղվում է այդ համակարգում գործող կոնկրետ անհատների՝ մասնավորապես գեներալիտետի կոնկրետ ներկայացուցիչների։ Հասկանալի է, որ այս նախագծի հրապարակումը բերելու է հերթական անգամ որոշակի անձերի դեմ ուղղված հակաքարոզչության, քանի որ արդեն իսկ նկատելի են հրապարակային հարթակներում այն մոտեցումները, թե մի քանի գեներալի «կուլակաթափ անելով հնարավոր է անհրաժեշտ գումարները ձեռք բերել»։
Այս մոտեցումը, որը գուցե և վերահսկվում է իշխանական օղակներից բավական լայն հնարավորություններ է ընձեռելու հանրային դժգոհության քողի տակ սկսել բանակային համակարգի այսպես ասած զտումը՝ այնտեղ ստվերային դերակատարություն ստանձնած հրամանատարական կազմի մի շարք անդամներից։ Ըստ էության նման նախագծով Սերժ Սարգսյանը մի քանի նապաստակ է միանգամից խփում, քանի որ նախ շոշափում է հասարակական տրամադրությունները, ապա հավելյալ դիվիդենտներ է ձեռք բերում իր իսկ կողմից հայտարարված բարեփոխումներն իրականացնելու համար և միաժամանակ ամրապնդում է իր դիրքերը Զինված ուժերում, որտեղ ներկայումս առկան են բավական լուրջ դերակատարներ։
Ի դեպ զարմանալի չէ, որ նախագիծը հրապարակվեց բավական նախնական տեսքով, ինչը նախագիծը վերջնական տեսքի բերելու համար խուսանավելու մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այս այսպես ասած խայծը, մեր համացանցային հանրույթը բավական հեշտությամբ կուլ տվեց, քանի որ հայկական սոցցանցերն ու լրատվական հարթակներն արդեն իսկ ողողված են նախագծի քննարկումներով ու քննադատություններով։
Հետաքրքիրն այն է, որ նման քննարկումներում արդեն իսկ նկատելի են հիմնական միտումները, որոնք հեռանում են բուն նախագծի բովանդակությունից, որի մասին ի դեպ շատ քիչ բան է հայտնի, և ուղղորդվում են դեպի «1000 դրամի բազար», «օլիգարխ գեներալների կուլակաթափություն» և նմանօրինակ ձևակերպումների կողմը։
Անշուշտ, պետք է նշել, որ ներկայացված նախագծին և վերջինիս բոլոր ենթատեքստերին մեկ դիտարկման սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ, ուստի առաջիկայում այն կլինի մեր ուշադրության կենտրոնում։ Այս տեսանկյունից ներկա պահին ամփոփելով կուզենայինք նշել, որ անկախ թեր և դեմ կողմերից և այն լրամշակումներից, որոնք պահանջվում են, այս նախագիծը ներկա կառավարության թերևս ամենակարևոր քայլերից մեկն է ՝ զինծառայողների կյանքի երաշխիքային ապահովագրության համակարգի ներդրման տեսանկյունից։ Թե ինչպես այն կյանքի կկոչվի, դա բոլորվին այլ խնդիր է՝ իր բազմաթիվ անհայտներով ու հարցերով, սակայն միանշանակ է, որ բովանդակային առումով նման համակարգի անհրաժեշտությունը առավել քան հրամայական է։
Շարունակելի․․․
Pressmedia.am վերլուծաբան