«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկը դադարեցրել է հացադուլը
SocietyՈստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը, որը հոկտեմբերի 31-ից հացադուլ էր անում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, դադարեցրել է հացադուլը: Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան էջից:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:
Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործով՝ բացի Սարգսյանից անցնում են եւս 3 մեղադրյալներ՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը եւ Ալբերտ Ավագյանը: