Անտարկտիդան առաջին անգամ հատել են թեթեւ օդանավով առանց վայրէջքի
SocietyԻսպանացի օդաչու Անխել Գորդիլյոն պատմության մեջ առաջին անգամ առանց վայրէջք կատարելու թեթեւ շարժիչով օդանավով թռիչք է կատարել Անտարկտիդայի վրայով, հայտնում է Գրանադայի համալսարանը, որը մասնակցում էր նախագծին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Համալսարանի տվյալներով, 4․5 հազար կիլոմետր տարածությունը 1․5 տոննա քաշով օդանավով հաղթահարելու համար օդաչուից 20․5 ժամ է պահանջվել։
Գորդիլյոն սկսել է իր թռիչքը իտալական Mario Zucchelli կայանից, որը գտնվում է Տերրա Նովա նեղուցում ու վայրէջք է կատարել արգենտինյան Մարամբիո կայանում, Սեյմուր կղզում։ Թռիչքի ժամանակ երեք րոպեն մեկ օդաչուն կայանին տեղեկություն էր հաղորդում արագության, բարձրության ու այլ ցուցանիշների մասին։
Գորդիլյոն հանրահայտ իսպանացի օդաչու է, որը մինչեւ գիտարշավային թռիչքների անցնելը եղել է իսպանական Iberia ավիաընկերության ուղեւորատար օդանավերի օդաչու։ 2014-ի սկզբին նա սկսել է իրականացնել իր ամենահայտնի նախագիծը՝ Sky Polaris-ը, որի նպատակն էր թռչել երկրագնդի շուրջ, շրջանցելով այն թե Հյուսիսային, թե Հարավային բեւեռների կողմից։
Ավելի վաղ նա RV-8 օդանավով հաջողությամբ իրագործել էր իր փորձի առաջին մասը՝ Հարավային Ատլանտիկա-Ամազոնկա- ամերիկյան տրոպիկներ- Միջին Արեւմուտք- Կանադա- Հյուսիսային բեւեռ- Շպիցբերգեն- եվրոպական մի շարք երկրներ- Մադրիդ։ Երկրորդ փուլը, որը ավարտվել է Անտարկտիդայի վրայով թռիչքով, ուներ հետեւյալ երթուղին՝ Միջերկրական ծով- Հասարակածային Աֆրիկա –Հնդկական օվկիանոս- Ավստրալիա- Թասմանիա- կայան- Տերրա Նովա։
Գորդիլյոյի նպատակն է տեղեկություններ հավաքել ՝ աշխարհի տարբեր տարածաշրջանների մթնոլորտում «սեւ ածխածնի» պարունակության մասին, որի արտանետումները կապակցված են մարդու գործունեության հետ ու կլիմայական գլոբալ փոփոխությունների պատճառ են դառնում։