Թունելի վերջում նշմարվող լույս, կամ բարի գալուստ Արթուր Պետրոսյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեք տարուց ավելի է, ինչ չի կարողանում հաղթել պաշտոնական խաղերում: Հավաքականը պարտվում էր իրար հետևից՝ տապալելով որակավորման փուլի հերթական մրցաշարերը: Երկրպագուները դժգոհ էին, բողոքում էին, «ֆուտբոլ էին ուզում», պաշտպանողական ֆուտբոլից հարձակվողականին անցնող հավաքական պահանջում:
Նոյեմբերի 11-ը հայկական ֆուտբոլի գուցե ոչ ամենահիշվող, բայց հիշարժանի էջերից մեկը կդառնա: Դեռևս վաղ է որևէ գուշակություններ անել, թե ինչ ապագա է սպասվում ընտրանուն՝ նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, սակայն մի բանում համոզվեցին՝ Պետրոսյանը խոստացավ գեղեցիկ և նոր հավաքական և արեց դա: Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպումների ժամանակ նորանշանակ մարզիչը չափից ավելի համեստ էր, զուսպ և իրատես, մարդ, ով ձգտում է «փոքր քայլերով առաջ գնալ»:
Չեռնոգորիայի դեմ խաղում, որն ի դեպ E խբի առաջտարն էր, Հայաստանի հավաքականը երկու խաղակեսերում էլ տարբեր կերպով հանդես եկավ: Մենք տեսանք բացարձակապես վերափոխված հավաքական: Հավաքականը, որն ապացուցեց, որ անսպառ հավատի և անվերապահ նվիրման շնորհիվ կարելի է բեկել պարտության դատապարտված խաղերը և բոլորին ի հակառակ՝ հաղթել:
Հանրապետական մարզադաշտից հեռացող երկրպագույի աչքերում ֆուտբոլի հաղթանակներին կարոտ ժպիտա կար: Ու անկախ ընտրանու անկումային ելույթներից, մեր մեջ գտնվում էին նվիրյալներ, ովքեր շարունակեցին հավատալ թիմին այս դժվարին պահին, երբ աշխարհի առաջնության ընտրական փուլի նախորդ բոլոր խաղերում ոչ մի հաղթանակ չէր գրանցվել: Եվ հիմա հավաքականը հաղթեց համառությամբ, հաղթեց ձգտումով, հաղթեց Պետրոսյանի ճիշտ խոսքերի շնորհիվ, որոնք ասվել էին հանդերձարանում ընդմիջման ժամանակ:
Նույն Պետրոսյանը լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մի պահ հուզվեց՝ ստիպելով մեկընդմիշտ մտապահելու այս հաղթանակը:
Թունելի վերջում հույս կա, բայց չպետք է վախենանք դեպի վերջին տանող ճանապարհից, որ նոր՝ ավելի լուսավոր ճանապարհի սկիզբ է:
Վարվառա Հայրապետյան